9 հունիսի 2016 - 18:12 AMT
ԱԳ փոխնախարար. Աթեշյանի նամակը պոլսահայության ճնշված լինելու ապացույց է

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանին վկայում է, որ Ստամբուլի ու Թուրքիայի հայությունը ճնշված իրավիճակում է գտնվում:

Այդ մասին է հայտարարել ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Ցավալի է, ես չէի էլ ուզենա մեկնաբանել: Ուղղակի դա դրա արտահայտությունն է»,- նշել է նա, գրում է Panorama.am-ը:

Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դատապարտող նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում «խորին ափսոսանք» էր հայտնել որոշման վերաբերյալ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը, մեկնաբանելով նամակը, չէր բացառել հարկադրանքի պարագան:

Նամակն առաջացրել է Ստամբուլի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների զայրությը: Համայնքի ամենաազդեցիկ «Ակոս» թերթը խմբագրական սյունակով կոշտ քննադատել էր Աթեշյանին՝ հիշեցնելով նաև Էրդողանի սպառնալիքները հայերին կրկին աքսորելու վերաբերյալ: