17 հունիսի 2016 - 14:38 AMT
Halo Trust-ն Արցախում կամիկաձե դրոնի չպայթած մարտագլխիկ է հայտնաբերել

Halo Trust հումանիտար ականազերծման միջազգային կազմակերպությունն Արցախում կամիկաձե դրոնի չպայթած մարտագլխիկ է հայտնաբերել: Այդ մասին կազմակերպությունը գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում:

Տեղադրվել է նաև չպայթած մարտագլխիկի լուսանկարը: «Ապրիլին Լեռնային Ղարաբաղում խոցված կամիկաձե անօդաչու սարքի մարտագլխիկի պայթյունավտանգ հատվածն է` վնասազերծում ենք այն»,-ասված է HALO Trust-ի գրառման մեջ:

HALO Trust-ը միակ կազմակերպությունն է, որը զբաղվում է ականների և չպայթած զինամթերքի վնասազերծմամբ Լեռնային Ղարաբաղում:

2016-ի ապրիլի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թեժ մարտեր բռնկվեցին, որոնք աննախադեպ էին 1994 թ. հրադադարից ի վեր: Ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակման փորձ ձեռնարկեց` գրեթե ամբողջությամբ կիրառելով իր ռազմական արսենալը: Բախումների ժամանակ ադրբեջանական կողմը կիրառեց նաև մարտական անօդաչու սարքեր, որոնց մի մասը ոչնչացվել է ԼՂՀ զինված ուժերի կողմից: Եղան նաև զոհեր` իսրայելյան արտադրության կամիկաձե անօդաչու IAI Harop սարքը հարված հասցրեց կամավորներին տեղափոխող ավտոբուսին, որի արդյունքում 7 մարդ զոհվեց:

Ապրիլի սկզբին ղարաբաղյան հակամարտության շփման գծում մարտերի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մեծ բեռնատար օդանավը երկու անգամ վայրէջք է կատարել Իսրայելում:

Ընթերցեք նաև. Դրոնների մեծ պատերազմը