14 հուլիսի 2016 - 10:04 AMT
ԱՄՆ վերլուծաբան. Ղարաբաղյան խնդիրն այլևս սառեցված մնալ չի կարող

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի նշանակությունը վերջին շաբաթներին կտրուկ ավելացել է: Այսպիսի հայտարարություն է արել ամերիկյան ազդեցիկ վերլուծաբան Սթիվեն Բլանքը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Բոլորի համար պարզ դարձավ, որ ղարաբաղյան խնդիրն այլևս սառեցված մնալ չի կարող: Այսօր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն իր տեղն է գրավում այլ կարևորագույն խնդիրների՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի և Սիրիայում ընթացող պատերազմի հետ միասին»,-ասել է նա:

Մեկնաբանելով Պետքարտուղար Ջոն Քերրիի կողմից Մոսկվայում ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքը քննարկելու նախաձեռնությունը, վերլուծաբանը նշել է, որ ապրիլյան պատերազմը միջազգային հանրությանը ստիպեց խնդրին այլ կերպ նայել. «Պարզվեց, որ այն կարող է պայթել՝ շատ վտանգավոր հետևանքներ ունենալով ամբողջ Կովկասի, Մերձավոր Արևելքի և նույնիսկ՝ Եվրոպայի համար: Իսկ եթե հաշվի առնենք, թե ներկայումս ռուս-ամերիկյան հարաբերությունները որքան վատ վիճակում են գտնվում, ապա խնդրի սրումը կարող է իսկապես վատագույն հետևանքներ ունենալ»:

Վերջերս ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի՝ իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Խնդիրը քննարկվել է նաև Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում անցած մի շարք երկկողմ հանդիպումների ընթացքում:

Սթիվեն Բլանքի խոսքով, դեռևս պարզ չէ, թե ինչ համաձայնություններ կարող են ձեռք բերվել: Սակայն, համոզված է վերլուծաբանը, համաձայնությունը կարող է վերաբերել խնդրի հիմնարար սկզբունքներին. «Դատելով նրանից, ինչ մենք լսել ենք մինչ օրս, կարող եմ ասել, որ համաձայնությունը հավանաբար խորքային է այլ ոչ՝ մակերեսային»:

Բլանկն անհանգստացած է նաև, որ Մոսկվայի ձեռքում համաձայնությունը բերելու է տարածաշրջանին ոչ թե խաղաղություն այլ՝ նոր պատերազմ. «Եթե այս կարգավորումը մշակված է Ռուսաստանի կողմից, ապա այն ոչ մի կերպ չի կարգավորի Կովկասում անկայունության արմատական պատճառները, մինչդեռ Միացյալ Նահանգների կողմից մշակված կարգավորումը կլուծեր այդ հարցը: Պատճառն այն է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման մեջ, այն հետաքրքրված է հակամարտությունները կառավարելու և դրանցից օգուտ քաղելու մեջ»:

Նախագահ Սերժ Սարգսյանը, հուլիսի 9-ին ելույթ ունենալով Վարշավայում` Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում, հայտարարել է, որ ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

Ընթերցեք նաև. Դե Վաալ. Անտեսել ԼՂ հակամարտությունն անհնար է` կամ լուրջ բանակցություններ, կամ պատերազմի սպառնալիք