Դե Վաալ. Անտեսել ԼՂ հակամարտությունն անհնար է` կամ լուրջ բանակցություններ, կամ պատերազմի սպառնալիք

Դե Վաալ. Անտեսել ԼՂ հակամարտությունն անհնար է` կամ լուրջ բանակցություններ, կամ պատերազմի սպառնալիք

PanARMENIAN.Net - Ապրիլյան սրացումը բռնության ամենալուրջ բռնկումն էր Ղարաբաղում 1994-ից ի վեր: Դա ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակում չէր, թեև Բաքուն պարբերաբար հայտարարում էր, որ չի բացառում զինուժի կիրառումը տարածքներ վերադարձնելու համար: Ավելի շուտ դա սահմանափակ մասշտաբի գործողություն էր, որի նպատակն էր սաստկացնել ճնշումը Հայաստանի վրա և ԼՂ հարցը կրկին բերել միջազգային օրակարգ: Այս մասին իր հոդվածում գրում է Վաշինգտոնի Քարնեգիի հիմնադրամի Կովկասի գծով փորձագետ Թոմաս դե Վաալը: PanARMENIAN.Net ը ներկայացնում է Carnegie.ru-ում հրապարակված «Կովկասյան գերիները. Ինչպես հանգուցալուծել անվտանգության երկընտրանքը Ղարաբաղում» հոդվածը որոշ կրճատումներով:

Փորձագետը նշում է, որ ԵԱՀԿ շրջանակում կազմված խաղաղության ծրագիրը ենթադրում է, որ հայկական կողմը կհրաժարավի ԼՂ մերձակա տարածքներից (բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը)` Ղարաբաղի հայերի համար ինքնակառավարման երաշխիքների դիմաց, հետագայում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հեռանկարով: Սակայն ապրիլյան իրադարձություններից հետո կողմերի դիրքորոշումները կոշտացան:

Շարքային հայերը շատ ավելի հաճախ են Ղարաբաղին մերձակա տարածքները ազատագրված անվանում: Օրինակ, ըստ լրագրող Անդրանիկ Կասպարյանի, «այդ ազատագրված տարածքները ռազմավարական նշանակություն ունեն` դրանք թույլ են տալիս հեռու պահել Ադրբեջանին Ղարաբաղի հիմնական բնակավայրերից և տարածքային կապ են ստեղծում Ղարաբաղի և Հայաստասնի միջև: Ընդ որում այդ հողերը հիմնականում պատմական հայկական հողեր են»: Բաքվում, հակառակը, խոսում են ոչ թե հայերի համար ինքնավարության, այլ այդ տարածքներն ուժով գրավելու մասին: Նախորդ տարվա վերջում Ադրբեջանի ՊՆ ղեկավարը սպառնում էր, որ 2016-ին «Ղարաբաղի հողն այրվելու է հայ զավթիչների ոտքերի տակ»:

Այս դիլեման անհնար է հանգուցալուծել առանց հուսալի միջազգային պայմանավորվածությունների: Սակայն, այսօր միակ եղած մեխանիզմը` 1994թ. խաղաղ համաձայնագրերն են, որոնք դիտարկվում էին որպես ժամանակավոր և չէին նախատեսում խաղաղապահ ուժերի տեղակայում: Այն ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի զորքերի հրամանատարները պայմանավորվեցին, որ 30-օրյա ժամկետում մշակելու են ռազմատեխնիկական հարցերը` ներառյալ միջազգային խաղաղապահ ուժերի և ԵԱՀԿ դիտորդական առաքելության փոխգործակցությունը: Սակայն ոչ մի փաստաթուղթ արդյունքում չստորագրվեց:

Հակամարտության զսպման համար նախատեսված ԵԱՀԿ ամբողջ կառույցը փլուզման եզրին է: Եվ եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չհամաձայնվեն քաղաքական փոխզիջման, պատերազմի վտանգ է առաջանում:

Այստեղ տարբեր սցենարներ են հնարավոր: Օրինակ, հակամարտությունը կարող է բորբոքվել հրադադարի կոպիտ խախտման պատճառով: Կամ ադրբեջանական կողմը, չտեսնելով քաղաքական կարգավորման հեռանկարներ, կարող է նոր գործողություն սկսել, ավելի մեծ տարածք գրավելու և իր օգտին իրավիճակը փոխելու հույսով: ՀՀ խորհրդարանը կարող է կատարել իր սպառնալիքն ու ճանաչել ԼՂ անկախությունը: Դա կզրկի Երևանին բանակցելու հնարավորությունից և վերջ կտա խաղաղ գործընթացին:

Մի բան պարզ է. մարտական գործողությունների նոր փուլն ավելի դժվար կլինի կանգնեցնել: Միանգամայն հավանական է, որ մարտերի աշխարհագրությունն այդ դեպքում կընդլայնվի, ավելի հզոր տեխնիկա գործի կդրվի և ավելի շատ արյուն կհեղվի: Եվ Բաքուն, և Երևանն, այդ դեպքում, կարող են դիմել ռազմական օգնության մասին իրենց պայմանագրերին` Թուրքիայի և ՌԴ հետ համապատասխանաբար, փորձելով ներքաշել Մոսկվային և Անկարային պատերազմի մեջ: Այս ամենը և տարածաշրջանային, և միջազգային դերակատարներին «կովկասյան գերիների» է վերածում Պուշկինի հայտնի պոեմից:

Ստեղծված վակուումը կարելի է հաղթահարել միայն համակարգված միջազգային ջանքերի միջոցով: Մասնավորապես, պետք է ակտիվորեն խաղաղապահ գործողության պլան կազմել, որը կորոշի Ղարաբաղում տեղակայվելիք ապագա խաղաղապահ ուժերի բնույթը, քանակն ու կազմը: Առանց դրա հայկական կողմը հազիվ թե համաձայնվի դուրս բերել զորքերը, իսկ ադրբեջանցի փախստականները չեն կարողանա վերադառնալ: Երկու երկրների նախագահներից պահանջել, որ նրանք քաղաքական համաձայնագիր կնքեն առանց հասկանալու, թե ինչ երաշխիքներ է այն տալիս, միևնույն է, ինչ տուն կառուցել առանց հատակի:

Սակայն խաղաղապահ առաքելության պլանավորումն առնվազն 3 խոչընդոտի կարող է հանդիպել: Առաջինը` միջազգային հոգնածությունն է Ղարաբաղի հարցից: Խաղաղապահ ուժերի կազմավորման դեպքում հարկ կլինի հաշվի առնել ՀՀ և Ադրբեջանի դիրքորոշումները, որոնք կցանկանային զգալի ռազմական ներկայություն պահպանել հակամարտության գոտում:

Երկրորդը` ԵԱՀԿ-ն չունի խաղաղապահ առաքելությունների կառավարման փորձ, ոչ էլ համապատասխան բյուջե: Երրորդ բարդությունը` ՌԴ մշուշոտ մտադրություններն են: 1994թ. Մոսկվան ակտիվորեն, թեև անհաջող, փորձում էր գլխավորել այդ ուժերը: Երբ խաղաղ կարգավորումը քննարկվում էր 2001-ին Քի Ուեսթում, ՌԴ-ն համաձայնեց, որ խաղաղապահ ուժերում չպետք է լինեն «հարևան երկրներն ու համանախագահները»: Դա բացառում է հնարավոր մասնակիցների թվից ինչպես Ռուսաստանին, այնպեսլ էլ Թուրքիային: Սակայն, գուցե Մոսկվան չի հրաժարվել նախկին հավակնություններից: 2006-ին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Իվանովի կանխատեսմամբ, «տեսանելի ապագայում ռուս խաղաղապահներն, այնուամենայնիվ, կտեղակայվեն ղարաբաղյան հակամարտության գոտում»:

Շատերը կարծում են, որ Ռուսաստանը շահագրգռված է ստատուս քվոն պահպանելու հարցում` ոչ խաղաղություն, ոչ պատերազմ: Սակայն, դա գնալով ավելի դժվար է դառնում: 1991-1994-ին ռուս զինծառայողները կռվում էին երկու կողմից: ՌԴ-ն ռազմական դաշինքի մեջ է ՀՀ հետ և բավականին սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Ավելին, որպես ՄԽ համանախագահ ՌԴ-ն բավականին արդյունավետ է համագործակցում ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների հետ: ՌԴ-ն շահագրգռված է պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում, սակայն չի կարող նոր պատերազմ թույլ տալ` այդ դեպքում Մոսկվան ստիպված կլինի աջակցել Հայաստանին և կորցնել այն ամենն, ինչին հասել է Ադրբեջանի հետ հարաբերություններում: Մոսկվան կարող է պահպանել իր ազդեցությունը, եթե առաջարկի կարգավորման փուլային տարբերակ, որի իրականացումը տարիներ կպահանջի և թույլ կտա վերսկսել տրանսպորտային հաղորդակցությունն Իրանի հետ` ՀՀ և Ադրբեջանի տարածքով:

Որոշ փորձագետներ կարծում են, որ Ղրիմից հետո, Մոսկվան փորձում է վերադարձնել այն ազդեցությունը, որ ուներ Ղարաբաղում 1990-ականների կեսին և ռազմական ներկայություն ապահովել Հարավային Կովկասում: Սակայն նույնիսկ եթե ՌԴ-ն շահագրգռված է դրանում, նրա ներուժը խիստ սահմանափակ է: Հայաստանն ու Ադրբեջանը կասեցրին ռուսական նախաձեռնությունները 1994-ին և 2011-ին, իսկ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ՄԽ-ում վետոյի իրավունք ունեն:

2016-ի ապրիլին միջազգային խաղացողները լուրջ մարտահրավերի առջև են կանգնել. հարկավոր է մոդիֆիկացնել խաղաղ գործընթացը` թույլ չտալու համար, որ հակամարտությունը վերաճի լայնածավալ պատերազմի: Դրա համար պետք է համոզել ՀՀ և Ադրբեջանի նախագահներին մի շարք քաղաքական ու ռազմական միջոցներ ձեռնարկել: Դրանք պետք է լինեն այնպիսի միջոցներ, որոնց ընդունելի լինելը Ալիևն ու Սարգսյանը կկարողանան ներկայացնել իրենց քաղաքացիներին: Նման կարգավորման միակ իրական ձևաչափը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է: Սակայն, կարևոր է, որ մյուս երկրները ևս իրենց ավանդը կարողանան ունենալ…Շահագրիռ երկրների թվում է Վրաստանը, որի վրա կարող է անդրադառնալ ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտությունը, Իրանը, որը սահմանակից է հակամարտության գոտուն և ավելի քիչ պարտավորություններ ունի հակամարտության կողմերի առջև, քան Թուրքիան ու ՌԴ-ն: Նույնիսկ Չինաստանը, որն ակտիվ ներդրումներ է անում Կովկասում, ԵԱՀԿ գործող նախագահը` 2016-ին դա Գերմանիան է:

Խաղաղ համաձայնագրի քաղաքական ու տեխնիկական ասպեկտների մշակման համար հարկավոր են դիվանագիտական ջանքեր բարձր մակարդակով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ նախագահի կողմից: Խորհրդակցություններ են անհրաժեշտ ՄԱԿ, ԵՄ և չեզոք երկրների հետ, որոնք կարող են խաղաղապահներ տրամադրել: Պետք է պարզել` իրոք Մոսկվան սեփական խաղաղապահ ուժերն է մտադիր Ղարաբաղում տեղակայել: Եվ եթե կարգավորման ծրագիրը հավանություն ստանա միջազգային մակարդակով, ներկայացնել այն հակամարտության կողմերին: Դրա համար ճիշտ կլիներ գումարել ԵԱՀԿ ՄԽ կոնֆերանս:

Շատ ավելի լավ է հիմա ջանքեր գործադրել, քան սպասել, թե երբ նոր բռնկում կլինի, որը հղի է լուրջ ռազմավարական և տնտեսական հետևանքներով և մարդկային կորուստներով, գրում է դե Վաալը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---