16 հուլիսի 2016 - 15:42 AMT
ՀՀ ԱԳՆ. Թուրքիայում կայունությունը կարևոր է տարածաշրջանի համար

Թուրքիայում կայունությունը կարևոր է տարածաշրջանի համար: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախարարությունը:

«Շարունակում ենք ուշադրությամբ հետևել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին։

Հարևան երկրում կայունությունը, կարգուկանոնը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման վրա կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար», - գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում։

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ երկիրը այսպես կոչված «Խաղաղ խորհրդի» կառավարման տակ է գտնվում: Նախագահ էրդողանը կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց: Ավելի ուշ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունները վերահսկում են երկրում տիրող իրավիճակը:

Նախնական տեղեկություններով Թուրքիա‬յում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ նախարարությունը:

Ավելի վաղ արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ։

«Այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում», - Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Արտգործնախարարությունը նաև տեղեկացրել է, որ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552: Հնարավոր է կապ հաստատել հետևյալ էլ.փոստի հասցեով՝ A.manaserian@mfa.am, ինչպես նաև ԱԳՆ սոցիալական ցանցերի միջոցով։

Կարդացեք նաև՝ Թուրքիայում հեղաշրջման փորձի զոհերի թիվը հասել է 265-ի (Թարմացվող)