
Հոկտեմբերի 10-ին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ սիրիահայությանն աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ:
Մասնավորապես, զեկուցվել է Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության բաշխման վերաբերյալ:
Ներկայացվել են նաև վերջին 5 տարում Հայաստանում սիրիահայերին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացված կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերը, ինտեգրման և բիզնես ծրագրերին ընդառաջելու հնարավորությունները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան պետական մարմիններին, համագործակցելով ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունների հետ, շարունակել համակարգված աշխատանքներն այս ուղղությամբ:
ՀՀ նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար Հայաստանից երկու ինքնաթիռ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա։ Բեռները մակագրված են եղել․ «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»: Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը Սիրիա էր ժամանել ժամանել հոկտեմբերի 3-ին։
Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում որոշվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել 46 մլն 33.000 դրամ: ՀՀ ԱԳ նախարարին հանձնարարվել է հատկացվող գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Կարդացեք նաև՝ IDeA հիմնադրամը կաջակցի սիրիահայերին Հայաստան տեղափոխելուն
Հյուպատոս. ՀՀ-ից Սիրիա ուղարկված օգնությունը բաժանվում է բոլոր կարիքավորներին` ոչ միայն հայերին