15 հոկտեմբերի 2016 - 11:42 AMT
Քերոլայն Քոքս. Հայաստանը կարող է դառնալ կամուրջ Ասիայի և Եվրոպայի միջև

Հայաստանը կարող է դառնալ կամուրջ Ասիայի և Եվրոպայի միջև: Երևանում ընթացող Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի ժամանակ այս թեմային անդրադարձել է Բրիտանիայի Լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ նշելով, որ այդ ճանապարհին եվրասիական տարածքը պետք է դառնա այսպես կոչված «խելացի տարածաշրջան»:

«Հայաստանի առաջ խնդիր է դրված՝ եվրասիական տարածքը խելացի կենտրոն դարձնելու և այդպիսով առանցքային դեր ունենալու Եվրասիական տնտեսական միությունում: Պատմությամբ ամրագրված է, որ Հայաստանը Ասիան ու Եվրոպան միմյանց կապող օղակ է, և ես չեմ տեսնում որևէ խանգարող հանգամանք, խոչընդոտ, որ Հայաստանը չկարողանա վերադարձնել իրեն այս պատմական կարգավիճաակը»,– ասել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Ըստ բարոնուհու, սակայն, այս ճանապարհին Հայաստանը պետք է փոխի իրեն, դառնա «խելացի կենտրոնի՝ Եվրասիայի լիդեր, կենտրոն, բաց դուռ՝ դեպի ԵՏՄ, որի շուրջ կպտտվեն ֆինանսական ու բիզնես միջավայրերը»:

«Այսպիսով, ՀՀ-ն կդառնա արաբական պետությունների, ԱՄՆ, ՌԴ միջև կամուրջ»,- նշել է Քոքսը:

Բարոնուհին վստահություն էհայտնել՝ Հայաստանը կկարողանա դառնալ այդպիսին, որովհետև ունի խիզախ ոգի.

«Ես 85 անգամ եղել եմ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում՝ սկսած 90-ականների մութ օրերից, երբ Հայաստանը հարևանների ու բնության հարվածների տակ էր ընկել: Երկրաշարժը, որը խլեց մարդկանց կյանքերը, պատերազմը, երբ ադրբեջանցիներն ուզում էին հանել հայերին իրենց սեփական հողից: Ես այդ ժամանակ Ղարաբաղում էի: Ես ամեն օր հաշվում էի հարվածները, գնդակահարությունների ձայները, որոնք տեղում էին Ստեփանակերտի ուղղությամբ: Ամեն ինչ այնպես էր, ինչպես հիմա Հալեպում: Բայց հիմա տեսնում եմ ծաղկուն Հայաստան, հիանում եմ հայերի ոգով, որոնք ոչնչից կարողանում են գեղեցկություն ստեղծել: Եվ հենց այս ամուր ոգու առկայությունն է, որ ստիպում է ինձ վստահ լինել, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ խելացի կենտրոնի առաջնորդը»,- մանրամասնել է նա։

Քերոլայն Քոքսն ասել է նաև, որ Հայաստանում կան օբյեկտիվ խնդիրներ՝ փակ սահմանները, հակամարտությունը, բայց դրանք հաղթահարելի են: «Ժամանակն է, որ Հայաստանն իր վրա վերցնի Ասիան Եվրոպայի հետ կամրջելու պատմական դերակատարությունը: Այս պահը հասունացել է»,- շեշտել է բարոնուհին:

2016-ի հոկտեմբերի 14-ին՝ Երևանում կայացել է Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի (ԵԳՄՀ) բացման արարողությունը: Համաժողովի մասնակիցներին ողջունել են Հահաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: