Հիսուս Քրիստոսի գերեզմանի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները հայտարարել են, որ գերեզմանի մասերն անվնաս են պահպանվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին National Geographic-ի վրա հղումով:
«Մենք չենք կարող 100%-ով ասել, բայց սա վիզուալ ապացույց է, որ գերեզմանի գտնվելու վայրը չի փոխվել ժամանակի ընթացքում` ինչը տասնամյակներ շարունակ մտահոգել է գիտնականներին և պատմաբաններին»,-ասել է հնագետ Ֆրեդերիկ Հիբերտը:
Մարմարի սալաքարը հանվել է Քրիստոսի գերեզմանից Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում վերականգնման նպատակով, հակառակ դեպքում սրբավայրի փլուզման վտանգ կարող էր առաջանալ: Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտնել էր Երուսաղեմի Հայ Առաքելական եկեղեցու քահանա Սամվել Ագոյանը:
Ավելի վաղ National Geographic-ը հայտնել էր, որ հնագետները 1555թ. հետո առաջին անգամ հանել են մարմարի սալաքարը Քրիստոսի գերեզմանից Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում: Տիրոջ գերեզմանը գտնվում է գմբեթային մատուռում, որը վերականգնվել է 1809-1810թթ. հույն ճարտարապետ Նիկոլայ Կոմինի նախագծով: Այժմ վերականգնողական աշխատանքներ են իրականացնում Աթենքի Ազգային տեխնիկական համալսարանի մասնագետները Անտոնիո Մարոպոլոյի գլխավորթյամբ: Աշխատանքներին մասնակցում են նաև հայ մասնագետները:
Ըստ հնագետ Ֆրեդերիկ Հիբերտի Ազգային աշխարհագրական ընկերակցությունից, դեռ բազում գիտական հետազոտություններ պետք է արվեն, սակայն, ի վերջո գիտնականները կկարողանան տեսնել այն քարի իրական մակերեսը, որին, ըստ ավանդապատումի, դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը:
Տաճարը վերահսկող տարբեր եկեղեցիների մրցակցությունը մշտապես դժվարացնում ու հետաձգում էր աշխատանքների անցկացումը: Հոգևորականներն այժմ գործակցում են՝ անհրաժեշտ աշխատանքներն անցկացնելու համար: Որոշումը կայացվեց, երբ իսրայելյան պատկան մարմինները հայտարարեցին, որ եկեղեցին անվտանգ չէ ու ժամանակավորապես փակեցին այն: