Երուսաղեմի հայկական եկեղեցու քահանա. Քրիստոսի գերեզմանի փլուզման վտանգ կա

Երուսաղեմի հայկական եկեղեցու քահանա. Քրիստոսի գերեզմանի փլուզման վտանգ կա

PanARMENIAN.Net - Մարմարի սալաքարը հանվել է Քրիստոսի գերեզմանից Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում վերականգնման նպատակով, հակառակ դեպքում սրբավայրի փլուզման վտանգ կարող էր առաջանալ: Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտնել է Երուսաղեմի Հայ Առաքելական եկեղեցու քահանա Սամվել Ագոյանը:

«Նպատակն է պահպանել կառուցվածքը, թարմացնել կցումները ներսից և դրսից, զարդաքանդակների մի մասն արդեն շատ մաշված է: Տիրոջ գերեզմանի փլուզման վտանգ կարող է առաջանալ ապագայում, ուստի կարևոր է վերականգնողական աշխատանքներ իրականացնել»,-ասել է նա, գրում է Lenta.ru-ն:

Ըստ Ագոյանի, իրականացվող աշխատանքները չպետք է մտահոգություն առաջացնեն: «Այո, դա սրբավայր է, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է հոգ տանենք այն պահպանելու համար: Անշուշտ, մենք որոշ վտանգներ տեսնում ենք, ուստի մասնագետներ ենք հրավիրել Աթենքից և նրանք կատարում են իրենց գործը»,-ասել է քահանան:

Քահանան հավելել է նաև, որ վերականգնման ծախսերը հավասարաչափ հոգում են Ուղղափառ, Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիները, որոնք պատասխանատու են սրբավայրի համար: Եկեղեցիներից յուրաքանչյուրը վերականգնողական աշխատանքների համար կհատկացնի $3.3 մլն (£2.3 մլն):

Աշխատանքները կտևեն 8-12 ամիս, այդ ընթացքում ուխտավորները կշարունակեն այցելել սրբավայր:

Հնագետները 1555թ. հետո առաջին անգամ հանել են մարմարի սալաքարը Քրիստոսի գերեզմանից Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում: Տիրոջ գերեզմանը գտնվում է գմբեթային մատուռում, որը վերականգնվել է 1809-1810թթ. հույն ճարտարապետ Նիկոլայ Կոմինի նախագծով: Այժմ վերականգնողական աշխատանքներ են իրականացնում Աթենքի Ազգային տեխնիկական համալսարանի մասնագետները Անտոնիո Մարոպոլոյի գլխավորթյամբ: Աշխատանքներին մասնակցում են նաև հայ մասնագետները:

Ըստ հնագետ Ֆրեդերիկ Հիբերտի Ազգային աշխարհագրական ընկերակցությունից, դեռ բազում գիտական հետազոտություններ պետք է արվեն, սակայն, ի վերջո գիտնականները կկարողանան տեսնել այն քարի իրական մակերեսը, որին, ըստ ավանդապատումի, դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---