25 հունվարի 2017 - 10:42 AMT
ՀՀ նախագահ. Իրանի և Վրաստանի հետ էլեկտրահաղորդման գծերը նոր մակարդակի կբարձրացնեն էներգետիկ համակարգը

Մեկնարկել է «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների եռօրյա շարքը, որը նախաձեռնել են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը, հայտնում է Aysor.am-ը:

Միջոցառման շրջանակներում կներկայացվեն Հայաստանում էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում կատարված վերջին զարգացումներն ու առկա հիմնախնդիրները, ինչպես նաև՝ ոլորտում հավանական ներդրումների հեռանկարները։

Միջոցառմանը ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում կարևորել է էներգետիկայի բնագավառը՝ որակելով այն որպես ՀՀ տնտեսության կարևոր ճյուղ։ «Վերջին տարիներին ՀՀ-ն էական ձեռքբերումներ է գրանցել։ Ոլորտում տարվող աշխատանքներն ուղղված են ՀՀ էներգետիկ անվտանգության բարձրացմանն ու հուսալի ծառայությունների մատուցմանը։ Տարածաշրջանային առումով մենք արդյունավետ համագործակցում ենք Իրանի և Վրաստանի հետ։ 2019 թվականին շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը, որոնք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն ՀՀ էներգետիկ համակարգը», - նշել է նախագահը։

Նախագահն ընդգծել է նաև, որ ՀՀ-ն ունի հատկապես արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ, որը պետք է գրավիչ դարձնել ներդրողների համար։

«Վերջին շրջանում բազմաթիվ բարեփոխումներ են կատարվել, մոտ 80 տոկոսով արևային ֆոտովոլտային կայանների տեխնոլոգիական արժեքը նվազել է, որի շնորհիվ այդ տեխոնլոգիան ՀՀ-ում առկա մյուս տեխնոլոգիաների նկատմամբ դարձել է մրցունակ», - ընդգծել է նախագահը։  

2016-ի ավարտին կառավարությունը հավանություն տվեց արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրին, որի ներդրումային ընդհանուր գինը գնահատվում է մոտ 129 մլն դոլար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի տարբեր բնակավայրերում կառուցել մինչև 110 մեգավատ հզորությամբ արդյունաբերական մասշտաբի կայաններ։

Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար ընտրված վեց տեղանքից երկուսի համար իսպանական «Արիես Ինժեներիա» խորհրդատվական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումները։ Դրանք վերաբերում են Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի վարչական սահմաններում գտնվող «Մասրիկ» և «Դաշտադեմ» տեղանքներին։

Համաժողովը միտված է ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ոլորտում առկա հիմնախնդիրները, ներդրումային հնարավորությունները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը: Համաժողովին մասնակցում են տարբեր երկրներից երեսունից ավելի օտարերկրյա ընկերություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում արևային կայաններ կառուցելու հնարավորությամբ։

Հունվարի 25-27-ն անցկացվող միջոցառումների շարքը ներառում է նաև եռօրյա ցուցահանդես, որում ներկայացված են տեղական արտադրողներ և ոլորտի մասնագիտացված ընկերություններ: Ցուցահանդեսի կազմակերպիչների հավաստմամբ` միջոցառումը հնարավորություն կտա այցելուներին ծանոթացնելու ջերմամեկուսիչ նյութերի, լուսավորության և ջեռուցման էներգաարդյունավետ համակարգերի, արևային տեխնոլոգիաների նմուշներին և այս ոլորտում առաջարկվող ծառայություններին։