27 հունվարի 2017 - 11:42 AMT
Նախարար. $200 մլն վարկի պայմանագրով նախատեսված զենքի մի մասն արդեն ՀՀ-ում է

ՌԴ-ից $200 մլն վարկի պայմանագրով ՀՀ Զինված ուժերին մատակարարվելիք սպառազինության մի մասն արդեն իսկ Հայաստանում է: Այս մասնին հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ 2016-ը նշանավորվել է կարևոր աշխատանքներով՝ մեր առաջնագիծը տեխնիկական միջոցներով համալրելու առումով։

«200 մլն վարկի հետ կապված չեմ կարող բացել սպառազինությունների ցանկը, քանի որ այն հույժ գաղտնի է, բայց կարող եմ ասել, որ նախատեսվածի մի մասն արդեն Հայաստանում է ու դրված է ծառայության։ Մնացածն ընթանում է ըստ կնքված ժամանակացույցի, ու մենք հետամուտ ենք լինելու սպառազինությունն արագ ստանալուն, որովհետև դա ուղղակիորեն կապված է մեր մարտունակության հետ», - ասել է նախարարը, գրում է Aysor.am-ը։

Նա խոսել է նաև զինվորական համազգեստի մասին, նշելով, որ այն, առավել ևս՝ զինվորական կոշիկները, շատ կարևոր են զինծառայողների համար:

«Մեր նոր պատվիրած կոշիկները տարբերվելու են այսօրվա կոշիկներից»,- ասել է Սարսգսյանը, գրում է Panorama.am-ը:

Նախարարը մանրամասնել է, որ նոր կոշիկների բնական կաշվի մասն ավելի մեծ է լինելու, ավելի հարմարավետ. «Սակայն դա չի գոհացնում, մինչև տարեվերջ ունենալու ենք նոր մոդել, որպեսզի մեր զինվորները կրեն առավել հարմարավետ կոշիկներ»:

Վիգեն Սարգսյանի խոսքով, ուզում են հայ զինվորի կոշիկը լինի միջազգային ճանաչված բրենդ, որպեսզի հաճույքով կրեն ոչ միայն զինվորները, այլև՝ քաղաքացիական անձինք:

Լրագրողների հետ հանդիպմանը պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև սպայական կրթությանը՝ նշելով, որ 2017-ի ընթացքում Մոնթե Մելքոնյան վարժարանը պետք է դառնա առաջատար, ուժեղ ավագ դպրոց: