Ռուսաստանը Հայաստանի քաղաքական ուղղվածության արմատական փոփոխություն չի ակնկալում ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններից հետո, չնայած, որ երկիրն անցնում է կառավարման խորհրդարանական մոդելին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
«Ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները բավականին հետաքրքիր են թվում մեզ, քանի որ Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական մոդելին: Ըստ նոր Ընտրական օրենսգրքի, ընդդիմությունը պետք է զբաղեցնի ԱԺ տեղերի առնվազն 1/3-ը»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կարևոր է նաև խորհրդարանում «կայուն մեծամասնության» ապահովման երաշխիքը, ինչը պետք է ապահովի քաղաքական գործընթացի անխափան ընթացքը Հայաստանում: Հաշվի առնելով այս գործոնները` մենք լուրջ պատճառներ չենք տենսում, որ Երևանն արմատապես փոխի իր արտաքին քաղաքականության ուղղվածությունը»,-ասել է դիվանագետը:
ՌԴ դեսպանը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը կշարունակի քայլեր ձեռնարկել մերձեցնելու համար Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
«Ցավոք, մինչ օրս միջազգային միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման և հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների առաքելության ընդլայնման վերաբերյալ, այդպես էլ կյանքի չկոչվեցին»,-ասել է Վոլինկինը