ՌԴ դեսպան. Մոսկվան կնպաստի ԼՂ հարցում Երևանի և Բաքվի դիրքորոշումների մերձեցմանը

ՌԴ դեսպան. Մոսկվան կնպաստի ԼՂ հարցում Երևանի և Բաքվի դիրքորոշումների մերձեցմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կշարունակի քայլեր ձեռնարկել մերձեցնելու համար Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

«Քառօրյա պատերազմից հետո, որը հաջողվեց կասեցնել Ռուսաստանի միջնորդության շնորհիվ, համանախագահ երկրները մի շարք քայլեր ձեռնարկեցին իրավիճակը շտկելու համար»,-նշել է նա` հիշեցնելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների անցկացման մասին:

«Ցավոք, մինչ օրս միջազգային միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման և հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների առաքելության ընդլայնման վերաբերյալ, այդպես էլ կյանքի չկոչվեցին»,-ասել է Վոլինկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելին, դեսպանն ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ 2016-ի դեկտեմբերի 26-ին, բախումներ եղան արդեն ՀՀ և Ադրբեջանի սահմանին: «Այն ժամանակ 3 հայ զինծառայող զոհվեց, նախահարձակ ադրբեջանցի զինվորը սպանվեց Հայաստանի տարածքում»,-փաստել է դիվանագետը:

«Ընդհանուր առմամբ Ռուսաստանը հանդես է գալիս Անդրկովկասում կայունության ու խաղաղության հաստատման օգտին: Մենք այլընտրանք չենք տեսնում խաղաղ կարգավորմանը, ՄԽ գծով գործընկերների հետ համատեղ մենք շարունակելու ենք ջանքերն, ուղղված կողմերի դիրքորոշումների մերձեցմանը»,-հավաստիացրել է նա:

2016-ի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

2016-ի մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---