20 փետրվարի 2017 - 18:14 AMT
Ֆրանսիացի դիտորդները գոհ են ԼՂՀ հանրաքվեի ընթացքից

Ֆրանսիայից ԼՂ ժամանած դիտորդները գոհ են սահմանադրական հանրաքվեի ընթացքից: Այս մասին ասվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և դիտորդական առաքելությամբ Ֆրանսիական Հանրապետությունից Արցախ ժամանած պատվիրակության անդամների հետ հանդիպմանը:

Պատվիրակության կազմում են նախկին պատգամավոր Ժորժ Կոլոմբիեն, նախկին դիվանագետ Մորիս Բոննոն, իրավաբան Պիեռ դ’Էսպերոնան, և Դեսին քաղաքի ավագանու անդամ Դենիս Ջորկայեֆը:

Փետրվարի 20-ին Արցախում սահմանադրական հանրաքվե է անցկացվում։ Առավոտյան ժամը 08։00-ից 12 ընտրատարածքում բացվել է 280 ընտրական տեղամաս: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում նախագահական կառավարմանը՝ խորհրդարանական համակարգից:

Ժորժ Կոլոմբիեն նշել է, որ արդեն եղել են որոշ ընտրատեղամասերում և գոհ են հանրաքվեի ընթացքից: Անդրադառնալով Սահմանադրության հանրաքվեին՝ Կոլոմբիեն հետաքրքվել է ակնկալվող արդյունքներով:

Պատասխանելով հարցին՝ Ղուլյանը նշել է, որ Արցախի ժողովուրդը հանաքվեներին մասնակցելու փորձ ունի և ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս ակնկալվում է մասնակցության բարձր աստիճան: Այնուհետև խորհրդարանի նախագահը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ նախաձեռնությունից մինչև հանրաքվե և մանրամասն անդրադարձել Սահմանադրության նախագծով առաջարկվող փոփոխություններին:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարները և տարածաշրջանային ու միջազգային զարգացումների ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

Գերմանացի և աբխազ դիտորդները դրական են գնահատում ԼՂՀ-ում սահմանադրական հանրաքվեի ընթացքը: