24 փետրվարի 2017 - 16:25 AMT
Կարապետյան-Իլիա 2-րդ. Եղբայրական պետությունների հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ կա

ՀՀ և Վրաստանի միջև հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ կա: Այս մասին նշվել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի հանդիպմանը: Համայն Վրաստանի կաթողիկոսը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Վրաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու բարեկամ ժողովրդի միջև կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը փետրվարի 23-ին ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։

«Վրաց և հայ ժողովուրդներն ունեն եղբայրական և բարեկամական դարավոր հարաբերություններ, իսկ մեր երկու եկեղեցու համագործակցությունը կառուցվում է ջերմ և բարիդրացիական կապերի հիման վրա: Երկու երկրի կառավարությունները պետք է անեն հնարավորը՝ համագործակցությունը զարգացնելու և ժողովուրդների բարեկեցությունը ապահովելու համար: Ուրախ ենք, որ այսօր հայկական մշակույթը ծաղկում է, միաժամանակ, չպետք է բավարարվենք անցյալով, այն ամենով ինչ արել ենք նախկինում, այլ պետք է մտածենք ինչ անել՝ ապահովելու մեր ժողովուրդների բարօրությունը»,- նշել է Համայն Վրաստանի կաթողիկոսը:

Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Իլիա երկրորդին ընդունելության համար և նրան փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հարգանքներն ու ողջույնները: Վարչապետը գոհունակություն է հայտնել այցի շրջանակում վրաց գործընկերների հետ ունեցած բանակցությունների արդյունքներից և նշել, որ քննարկվել են ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային հարաբերությունների խորցամանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«Երկու եղբայրական պետությունների միջև համագործակցության հետագա զարգացման մեծ ներուժ ունենք, որի իրացման համար պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր իրականացնել»,- նշել է վարչապետը:

ՀՀ կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Վրաստանի իշխանությունների և վրաց եկեղեցու կողմից հայ համայնքի և հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ և վրացի ժողովուրդների ու երկու պետության կյանքում:

Վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Սբ Գևորգ և Սբ Էջմիածին եկեղեցիներ: Հայկական պատվիրակությանը դիմավորել է ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը:

Կարդացեք նաև՝ Վարչապետ. Համաձայնության ենք եկել Վրաստանի հետ Լարսի ճանապարհին այլընտրանքի հարցում