ՀՀ վարչապետը՝ Կվիրիկաշվիլիին. Հայկական կողմը պատրաստ է հարթակներ տրամադրել վրացի գործարարներին

ՀՀ վարչապետը՝ Կվիրիկաշվիլիին. Հայկական կողմը պատրաստ է հարթակներ տրամադրել վրացի գործարարներին

PanARMENIAN.Net - Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը փետրվարի 23-ին ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։

Ողջունելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և նրա գլխավորած պատվիրակությանը, Վրաստանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների կազմով տեղի ունեցած հանդիպման արդյունքները և նշել, որ ներկայացված նախաձեռնությունները խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։ Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ խորհրդարանական և կառավարական մակարդակներում կառուցողական գործակցությունը լավ հիմք է հարաբերությունների հետագա խորացման համար՝ այդ թվում նոր ուղղություններով։

Վարչապետ Կարեն Կարապետյանը, կարևորելով հայ-վրացական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, նշել է, որ շփումները բոլոր մակարդակներում ինտենսիվ են, բայց տնտեսական գործակցության ոլորտում առայժմ չի օգտագործվում ողջ ներուժը։ Վարչապետը վերահաստատել է, որ առարկայական և արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել վրացի գործընկերների հետ և հույս հայտնել, որ արդյունքները նոր թափ և որակ կհաղորդեն հետագա հարաբերություններին։

«Քննարկել ենք հայ-վրացական կողմերին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ։ Պետք է փաստեմ, որ մեր հարաբերություններում առկա ներուժի արդյունավետ իրացումը զարգացման մեծ հեռանկարներ ունի, մասնավորապես տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրականացման առումով։ Հայկական կողմը պատրաստ է հարթակներ տրամադրել վրացի գործարարներին այլ շուկաների հասանելիությունը բարձրացնելու համար։ Միաժամանակ վրացի մեր գործընկերների հետ ակնկալում ենք առավել սերտացնել գործակցությունը զբոսաշրջության ոլորտում»,-ընդգծել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վրաստանում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած լավ վերաբերմունքի, ինչպես նաև՝ պատմամշակութային արժեքների պահպանման համար։

Ի պատասխան՝ Վրաստանի նախագահը կարևորել է հայ համայնքի գործուն մասնակցությունը Վրաստանի տնտեսական և մշակութային կյանքում։

Ավելի վաղ, առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո, վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:

Կվիրիկաշվիլին մասնավորապես ասել է, որ հանդիպմանը քննարկել են երկու երկրի միջև գործակցության հիմնական ուղղությունները՝ ինչպես առևտրատնտեսական ոլորտում առկա վիճակը, այնպես էլ գործակցության հետագա զարգացման հեռանկարները.

«Քննարկել ենք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներին վերաբերող կարևորագույն հարցեր: Հանդիպմանն առանձնահատուկ անդրադարձել ենք տարածաշրջանում առկա մարտահրավերներին և ընդգծել, որ խաղաղության ու կայունության պահպանումն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկրների զարգացման գործում:

ՀՀ վարչապետն ուներ շատ հետաքրքիր առաջարկներ՝ մեր երկրների միջև տարբեր բնագավառներում համատեղ շուկայի ներուժի իրացման ուղղությամբ: Մենք այս հարցում ակտիվորեն աշխատելու պատրաստակամություն հայտնեցինք և խրախուսելու ենք մասնավոր հատվածին, որպեսզի ամբողջությամբ օգտագործեն տարածաշրջանային կոոպերացիայի ներուժը»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ այս պաշտոնական այցը կլինի նոր խթան երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ:

ՀՀ վարչապետն էլ իր հերթին ասել է, թե պայմանավորվել են նոր լիցք տալ այդ բոլոր ուղղություններին:

«Խոսել ենք տարածաշրջանային կոոպերացիայի նոր մոտեցման մասին, և վստահ եմ, որ այստեղ մենք ունենք մեծ ներուժ: Մենք շահագրգռված ենք, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանը դիտարկեն այնպիսի երկիր, որտեղ կարող են ներդրում կատարել և հյուրընկալվել որպես զբոսաշրջիկ: Վրաստանի վարչապետի հետ պայմանավորվել ենք այդ ուղղությամբ առաջ շարժվել: Ավելին, մեր գործընկերներն ունեն հստակ հանձնարարականներ՝ կազմակերպել «բաց օր» Վրաստանի այն բոլոր բիզնեսմենների համար, ովքեր ունեն հայկական և հարակից շուկաներում գործելու հետաքրքրություն» ,- ասել է Կարապետյանը՝ համոզմունք հայտնելով, որ 2 երկիրն ունեն շատ հետաքրքիր հնարավորություններ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---