
Ժնևում ընթացող Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան առանձին հանդիպումների շրջանակներում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից բարձրացվել են Արցախին առնչվող հարցերը մարդու իրավունքների տեսանկյունից:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախ այցելող միջազգային լրագրողների, փորձագետների, պատգամավորների նկատմամբ արհեստական քրեական հետապնդում հարուցելու ու նրանց ահաբեկելու՝ քաղաքակիրթ աշխարհի ստեղծած արժեքները վերացնելու փորձերը:
Իր հանդիպումների ընթացքում Թաթոյանը նշել է, որ Արցախին առնչվող հարցերի վերաբերյալ խոսքի ազատությունն ու միջազգային գործընկերների այցերն Արցախ սահմանափակելու ադրբեջանական փորձերը հաջողություն չեն ունենալու: Դրա վառ օրինակը Արցախի Սահմանադրության հանրաքվեի շրջանակում աշխարհի 30 երկրից 104 միջազգային փորձագետի այցն էր Արցախ, հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը խոսել է նաև Ադրբեջանի այսպես կոչված «սև ցուցակի» մասին, որոնք, նրա խոսքով, քաղաքակիրթ աշխարհի կողմից պետք է պարզապես ենթարկվեն իրավական վարկաբեկման: Ժնևյան հանդիպմանը մասնակցող առանձին ղեկավար պաշտոնատար անձանց ու միջազգային փորձագետներին ներկայացվել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ փարիզյան սկզբունքներին համապատասխանող աշխատանքն ու ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ միջանկյալ զեկույցները:
Թաթոյանը ընդգծել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը մարդու իրավունքներին նվիրված միջազգային հանդիպումներին ու քննարկումներին:
ՀՀ ՄԻՊ-ը նշել է, որ Արցախը քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի անբաժան մաս է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է մարդու իրավունքների ոլորտին առնչվող մի շարք առաջնահերթություններ: Թաթոյանը Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկյայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազզենիի հետ:
Հանդիպման ընթացքում Պաշտպանը Մագազզենիին է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները, մասնավորապես՝ այն լուծումները, որոնք կոչված են ուժեղացնելու օմբուդսմանի հաստատության ինստիտուտցիոնալ դերը Հայաստանում: