2 ապրիլի 2017 - 16:36 AMT
Ոստիկանությունը ենթադրյալ ընտրախախտումների մասին 41 հաղորդում է գրանցել

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 15-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 41 հաղորդում, որոնցից 5-ը ուղարկվել է նախաքննության, 11-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 25-ը՝ ստուգման փուլում:

Հաղորդումներից 12-ը՝ Երևանում, 3-ը՝ Կոտայքի, 4-ը՝ Լոռու, 3-ը՝ Շիրակի,1-ը՝ Արմավիրի, 3-ը՝ Տավուշի, 8-ը՝ Արարատի, 4-ը՝ Գեղարքունիքի, 3-ը՝ Վայոց ձորի մարզերում:

Ապրիլի 2-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 970 հրապարակում:

Դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում են քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական, քվեարկության սենյակների կահավորման, սարքավորումների գործարկման, տեղամասերում հերթերի առաջացման, քվեախցիկների տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ խնդիրներին, որոնք իրենց բովանդակությամբ արդեն իսկ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ չեն պարունակում:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող կամ 33,46%-ը: Ընտրողների ընդհանուր թիվը 2 587 706 է:

Կարդացեք նաև՝ ԱԺ ընտրություններ. Թարմացվող լրահոս