ԵԼՔ-ի կողմնակցի վրա զինված հարձակում գործած անձը կալանավորվել է: ՀՀ քնչական կոմիտեն հաղորդում է, որ ՔԿ Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 2017 թվականի մարտի 31-ի ուշ երեկոյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արձանագրված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Մասնավորապես, հաղորդվում է, որ 2017 թվականի մարտի 31-ին՝ ժամը 23:15-ին, Նիկոլ Փաշինյանից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում, որ ԵԼՔ-ի վստահված անձանց նկատմամբ Երևան քաղաքի Սվաճյան ու Անդրանիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել զինված հարձակում, գողացել են դրոշները:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի բաժնում 2017 թվականի ապրիլի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանությունը, զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) ինչը նույն օրն ստացվել է ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում։
Նախաքննությամբ ձեռք բերված նախնական փաստական տվյալների հիման վրա՝ ապրիլի 3-ին Ա.Այվազյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, միջադեպի դրդապատճառները, բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանցից չուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
2013 Արթուր Այվազյանը (հայտնի է «Մանախ» մականունով) եղել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբոր` «Ազատամարտիկների և կին վետերանների միություն» Հ/կ նախագահ Միհրան Մովսիսյանի թիկնապահը: Մանախը 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի՝ Սամվել Ստեփանյանի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար: