Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը ապրիլի 4-ին ցուցադրվել է Վատիկանում:
Ցուցադրմանը ներկա են եղել ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը, հայտնի դերասաններ Շորեհ Աղդաշլուն և Ջեյմս Քրոմվելը, գրում է Variety-ին:
«Խոստում» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը: Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:
Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահպանիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը:
«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։
Կարդացեք նաև՝ Ստալոնե. «Խոստումն» ունի «Օսկարին» արժանի ֆիլմին հատուկ բոլոր որակները