18 ապրիլի 2017 - 11:55 AMT
Թուրքիայում արտակարգ իրավիճակը 3 ամսով երկարացրել են

Թուրքիայի նախարարների խորհուրդն ապրիլի 17-ին 3 ամսով երկարացրել է արտակարգ իրավիճակի ռեժիմը երկրում:

Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո, որով անցում կատարվեց խորհրդարանական կառավարումից նախագահականի, բողոքի ցույցեր են սկսվել Ստամբուլում: Ապրիլի 17-ին հազարավոր մարդիկ են դուրս եկել ցույցի: Նրանք կարգախոսներ են հնչեցրել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, գրում է Deutsche Welle-ն:

Արտակարգ իրավիճակը երկրում գործում է 2016-ի հուլիսին պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Սկզբում այն հայտարարվել էր 3 ամսով, հետո երկարացվել է: Արտակարգ իրավիճակի ռեժիմը թույլ է տալիս Թուրքիայի նախագահին և կառավարությանը նոր օրենքներ սահմանել առանց խորհրդարանի հավանության:

Ըստ ԿԸՀ-ի, Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեաթերթիկների 99.9%-ի հաշվարկից հետո, աննշան առավելություն են գրացնել Սահմանադրության փոփոխության կողմնակիցները՝ խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները կազմել են քվեարկությանը մասնակցածների 51.2%-ը: