12 մայիսի 2017 - 10:16 AMT
National Interest. Լավրովի այցը Վաշինգտոն կարևոր է նաև ԼՂ կարգավորման համատեքստում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անբարենպաստ ժամանակ է ընտրել Վաշինգտոն այցելելու համար: Իր հոդվածում նման տեսակետ է հայտնել National Interest-ի գլխավոր խմբագիր Նիկոլաս Գվոզդևը՝ գրելով, որ Վաշինգտոնում Լավրովի հետ հանդիպումները ոչ թե լավ վարքագծի համար Մոսկվային ընձեռված առատաձեռն պարգև էր, այլ անհրաժեշտություն՝ Մերձավոր արևելքի, Կորեական թերակղզի ճգնաժամերի, նաև՝ Ուկրաինայի արևելքում ու Լեռնային Ղարաբաղում վերջերս գրանցված բռնությունների բռնկումների համատեքստում:

Նրա խոսքով հանդիպման պատճառի վրա կենտրոնանալու փոխարեն՝ ԱՄՆ քաղաքական վերնախավը քննարկում է երկու փաստ՝ 1. Թրամփը Կրեմլի խամաճիկն է, 2. Ռուսաստանին պարգևատրել են՝ արտգործնախարարին Թրամփի հետ հանդիպելու հնարավորություն տրամադրելով։

Հեղինակը հիշեցնում է, որ վերջին շաբաթներին Պուտինը մի քանի կարևոր հանդիպումներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Բացի դրանից, Ռուսաստանի ղեկավարությամբ առաջ է մղվել Սիրիայում ապակառազմականացման գոտիներ ստեղծելու ծրագիրը։ Միևնույն ժամանակ, Հարավային Կորեայում նոր նախագահ է ընտրվել ու հնարավոր է Սեուլը կդիմի Մոսկվային՝ խնդրելով օգնել հյուսիսի հետ երկխոսության հարցում։

«Իրավիճակը Ուկրաինայում ծայրահեղ անկայուն է մնում, նաև կա Լեռնային Ղարաբաղում հայերի ու ադրբեջանցիների միջև հակամարտության ևս մեկ սրման հեռանկար»,- գրում է վերլուծաբանը։

Նրա խոսքով Լավրովը Վաշինգտոն է բերել այն նույն ուղերձը, որը փոխանցվել էր Ռեքս Թիլերսոնին Մոսկվայում՝ բոլոր հակամարտություններում ու ճգնաժամերում, որոնցում ներառված է Ռուսաստանը, Կրեմլը պատրաստ է գործակցել ԱՄՆ-ի հետ, բայց գերազանցությունը ԱՄՆ-ին զիջելու մասին խոսք անգամ չի կարող լինել։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան առաջնորդվելու է ՌԴ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններով, ոչ թե նրա օգնականի.«Նախագահը հաստատել է, որ ցանկանում է կարգավորել հարաբերությունները ՌԴ հետ: Մենք նույնպես պատրաստ ենք դա անել»: