Վրաստանի իրավապահ մարմինները մեղսակից չեն ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի առևանգմանը Թբիլիսիում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին:
Մուխթարլիի փաստաբանը հայտարարել է, որ նրա ձերբակալությունն ու արտահանձնումը Վրաստանի կողմից միջազգային նորմերի խախտում է, քանի որ քաղաքացին ենթակա չէ արտահանձնման, եթե նրան սպառնում է հետապնդում հայրենիքում:
Նա հայտարարել է, որ ադրբեջանական կողմը երբեք չի դիմել վրաց գործընկերներին Վրաստանում բնակվող և պաշտոնական Բաքվի քաղաքական տեսակետները չկիսող ադրբեջանցիներին իրենց փոխանցելու հարցով:
«Մեր երկրում բազում ադրբեջանցիներ են ապրում և պետությունը երբեք չի հետաքրքրվել նրանց վերաբերմունքով Ադրբեջանի իշխանություններին»,-ասել է Մգեբրիշվիլին:
Ըստ նրա, Մուխթարլիի անհետացման հանգամանքների բացահայտումն առաջին հերթին բխում է Վրաստանի պետության շահերից: Նա հավելել է նաև, որ Մուխթարլիին ձերբակալել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցներն Ադրբեջանի Բալակենի շրջանի տարածքում:
Մինչդեռ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը՝ անդրադառնալով Վրաստանում ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի առևանգմանն ու Ադրբեջան տեղափոխմանը, հայտարարել է, որ պահանջվում է Վրաստանի իշխանությունների առավելագույն ուշադրությունն ու հրատապ արձագանքը, որը պետք է իրականացնի արդյունավետ, արագ ու անկախ հետաքննություն։ Նա հավելել է, որ միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Մուխթարլիին:
Թբիլիսիում ձերբակալվել են նաև ադրբեջանցի ընդդիմադիրներ Դաշթըն Աղալարլին ու Լեյլա Մուսթաֆաևան. նրանք դեռևս չեն արտահանձնվել: Բացի այդ, մայիսի 25-ին վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել էր ընդդիմադիր «Ադրբեջանի Ազգային ճակատի կուսակցության» փոխնախագահ Գյոզալ Բայրամլին: