7 հունիսի 2017 - 15:51 AMT
Գերմանական զորախումբը թուրքական «Ինջիրլիքից» կտեղափոխվի Հորդանան

Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել գերմանական զորախումբը թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից դուրս բերելու մասին: Ըստ ԳԴՀ ՊՆ մշակած ծրագրի, 260 գերմանացի զինծառայողները, Panavia Tornado ինքնաթիռներն ու լիցքավորող ինքնաթիռը կտեղափոխվեն Հորդանանի «Էլ Ազրակ» ավիաբազա:

Հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ գերմանացի և թուրք դիվանագետները չեն կարողացել համաձայնության գալ «Ինջիրլիք» ավիաբազայի հարցում: Այդ մասին Անկարայում հայտարարել է ԳԴՀ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ավարտին:

Տեղափոխման գործընթացը ենթադրաբար մոտ 2 ամիս կտևի, այդ ընթացքում ինքնաթիռների թռիչքները կչեղարկվեն: Տեղափոխման կոնկրետ ժամկետները, ինչպես նաև թռիչքների պլանավորումը կհամաձայնեցվի ՆԱՏՕ-ի գործընկերների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան տեղեկացրել է Գերմանիայի ԱԳՆ-ին, որ չի թույլատրի գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք» ռազմակայան: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը: Դրան հաջորդեց կանցլեր Մերկելի հայտարարությունն այն մասին, որ Գերմանիան կշարունակի այլընտրանք որոնել:

ԳԴՀ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Անկարա էր ժամանել հունիսի 5-ին ավիաբազայի շուրջ ծագած տարաձայնությունները հարթելու վերջին փորձը նախաձեռնելով, սակայն նրա առաքելությունը հաջող ավարտ չունեցավ: «Իմ թուրք պաշտոնակիցն ասաց, որ ներկա իրավիճակում Անկարան չի կարող հավանություն տալ գերմանացի պատգամավորների այցերին «Ինջիրլիք», ինչ բնույթի էլ լինեն այցերը, ելնելով ներքաղաքական նկատառումներից»,-ասել է Գաբրիելը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո: