Լևոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով է ավարտվել Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած Norway Chess մրցաշարը: Բազմաթիվ շախմատային մեկնաբանների և վերլուծաբանների կարծիքով Norway Chess-ը շախմատի պատմության մեջ ուժեղագույն մրցաշարերից էր, իսկ որոշ մեկնաբաններ նշում են, որ այն, հավանաբար, ուժեղագույնն է:
Մրցաշարում Արոնյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և միանգամից 1 միավորով առաջ անցել 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Վլադիմիր Կրամնիկից և Հիկարու Նակամուրայից, հայտնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:
Արոնյանը մրցաշարն անցել է առանց պարտության: Նա ոչ ոքի է խաղացել Ուեսլի Սոյի, Անիշ Գիրիի, Հիկարու Նակամուրայի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Վիշվանաթան Անանդի և Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի և աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինի հետ պարտիաներն ավարտեց հաղթանակով:
Այս հաջողության շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.5-ով, և նա համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 7-րդ տեղից բարձրացել է 4-րդ հորիզոնական:
Ավելի վաղ՝ 2017-ի ապրիլին Լևոն Արոնյանը Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն է դարձել: Գերմրցաշարում Արոնյանը 4անընդմեջ հաղթանակ էր տարել ու զբաղեցրել առաջին հորիզոնականը ժամանակից շուտ:
կարդացեք նաև՝ Արոնյանը 3 տեղով բարելավել է դիրքը համաշխարհային վարկանիշում