ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի հունիսի 21-ի նիստում հայտարարել է. «Անկախ նրանից` ով կլինի ՀՀ վարչապետը, գործ եք ունենալու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՅԴ-ի հետ»:
Նա անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանի` 2018-ից հետո իր պաշտոնում մնալու կամ չմնալու խոսակցություններին. «Մենք խորհրդարանական հանրապետություն ենք արդեն, ու ժողովուրդը իր ձայնը տվել է ՀՀԿ-ին»։
Նա նշել է, որ դահլիճում ընդդիմության կողմից հնչել է ինչպես առողջ, այնպես էլ անառողջ քննադատություն.
«Այստեղ հիշեցի հայտնի մի ասացվածք` եթե նույնիսկ իշխանությունը գետնի վրայով քայլի, կհայտնվեն ընդդիմադիրներ, որոնք կմեղադրեն իշխանությանը լողալ չիմանալու մեջ։ Կան թեմաներ, որոնց շուրջ մենք միասնական ենք, երբ խոսքը վերաբերում է ավելի ուժեղ, ավելի արդար ՀՀ ունենալուն։ Դա հնարավոր է, եթե աշխատենք», մեջբերում է Ա1+-ը:
«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում հայտարարել է՝ Կառավարության ծրագրում ավելի շատ հռչակագրային ձևակերպումներ էին, մինչդեռ, ըստ նրա, պետք է լինեին շատ կոնկրետ, տեսանելի, չափելի մեխանիզմներ. «Մեջբերեմ Կարլ Մարքսի հայտնի խոսքերը` նամակս երկար ստացվեց, քանի որ ժամանակ չունեի։
Իմ նպատակը բնավ էլ ինքնանպատակ քննադատությունը չէ։ Այս ծրագիրը չի կապում քաղաքացուն ևս հինգ տարով այստեղ մնալու հետ»։
Նրա ելույթից հետո` ԱԺ փոխնախագահ Շարմազանովն արձագանքել է. «Ուղղակի ասեմ ձեզ` դա ոչ թե Կարլ Մարքսն է ասել, այլ Մարկ Տվենն էր նամակ գրողը»։
Կառավարության ներկայացրած ծրագրի հիմքում դրված է անվտանգ, արդար, անկախ և խելացի Հայաստան ունենալու տեսլականը։ Այս մասին հունիսի 21-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է ելույթն Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս: PanARMENIAN.Net ը մեջբերում է վարչապետի ելույթի կարևորագույն դրույթները: