Անվտանգ, արդար, անկախ և խելացի Հայաստան. Գործադիրի ծրագիրը՝ ԱԺ-ում

Անվտանգ, արդար, անկախ և խելացի Հայաստան. Գործադիրի ծրագիրը՝ ԱԺ-ում

PanARMENIAN.Net - Կառավարության ներկայացրած ծրագրի հիմքում դրված է անվտանգ, արդար, անկախ և խելացի Հայաստան ունենալու տեսլականը։ Այս մասին հունիսի 21-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է ելույթն Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս: PanARMENIAN.Net ը մեջբերում է վարչապետի ելույթի կարևորագույն դրույթները:

Անվտանգությունը

Մեր զարգացումն անհնար է առանց մեր երկրի և մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու: Սա մեր երկրի գոյության խնդիրն է:

Տարածաշրջանային անկայունությունը և անորոշության մարտահրավերները սպառնում են մեր ազգային անվտանգությանն ու Արցախի անկախությանը:

Արցախը մեզ տվել է ազատության և անկախության բերկրանք, ցույց է տվել, որ մենք ուժեղ ենք և ամուր կանգնած հողին:

Այսօր ազատ, անկախ, հաղթանակած պետություն ենք, կանգնած ենք Արցախի թիկունքին՝ երաշխավորելով Արցախի ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքը, և պատրաստ ենք ամեն պահի հակահարված տալ մեր Արցախի, մեր սահմանների, մեր արժեքների և ազատ ապրելակերպի նկատմամբ ցանկացած ոտնձգության: Հետևաբար մենք պետք է շարունակենք զարգացնել մեր ռազմական կարողությունները, մեր բանակի և զինվորի մարտունակությունը:

Միևնույն ժամանակ պետք է բարձրակարգ դիվանագիտություն իրականացնենք` ամրապնդելով մեր հարաբերությունները բարեկամ պետությունների հետ: Պետք է ճկուն, նպատակային աշխատանք իրականացնենք երկկողմանի և բազմակողմ մակարդակներում՝ ավելացնելով մեր բարեկամ երկրների շարքը։

Արդարությունը

Մեր երկրում բարեկեցիկ և բարենպաստ միջավայր ստեղծելու գործում, Կառավարությունը ստանձնում է բարձրացնել և ամրապնդել արդարության և վստահության մթնոլորտը: Առանց դրա անհնար է լինելու ապահովել երկրի զարգացումը և մեր քաղաքացիների բարեկեցությունը:

Նախաձեռնել ենք հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներ՝ նպատակ ունենալով բարելավել որոշումների կայացման մեխանիզմները, զարգացնել մեր կառավարման կարողություններն ու մոտեցումները` դրանք դարձնելով ավելի արդյունավետ, մարդակենտրոն, թափանցիկ և ներառական: Բարձրացնում ենք այդ մարմինների և ինստիտուտների հաշվետվողականությունը հանրության առջև:

Կառավարությունը ձեռնարկելու է համալիր միջոցառումներ դատական համակարգի անկախության և անաչառության միջոցով արդյունավետ և կանխատեսելի արդարադատություն ապահովելու համար։ Պետք է ձգտենք այն իրավիճակին, որ դատական համակարգի միջոցով խնդիրներին տրվի արդար, անաչառ և ոչ ժամանակատար լուծում։

Այդ նպատակով, մինչև 2017 թվականի ավարտը լրամշակելու ենք և ձեր քննարկմանն ենք ներկայացնելու նոր Դատական օրենսգիրքը, որն ի թիվս այլոց.

ա. սահմանելու է դատարանների և դատավորների ներքին անկախության ապահովման նոր մեխանիզմներ,

բ. դատական գործընթացներում էլեկտրոնային ձևաչափերի կիրառման շնորհիվ նվազեցնելու է հայեցողականությունն ու ժամկետները,

գ. վերանայելու է դատական քննության ընթացակարգը՝ ներդնելով դատական գործերի կառավարման ժամանակակից գործիքներ և այլն։

Կոռուպցիան

Մենք որդեգրել ենք անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, աշխատում ենք պետական ծառայողի կերպարի վրա: Այս առումով մենք արդեն իսկ իրականացրել ենք մի շարք կարևոր քայլեր, մասնավորապես՝

• Ձևավորում ենք հակակոռուպցիոն միասնական մարմին.

• Քրեականացրել ենք ապօրինի հարստացումը.

• Ներդնում ենք Ազդարարների համակարգը:

2017 թվականը մեզ համար լինելու է կառավարման համակարգի բարեփոխումների առանցքային տարի՝ պայմանավորված Սահմանադրության պահանջով և ախտորոշման արդյունքներով։

Տնտեսությունը

Մեր ապագան կառուցելու, մեր անվտանգությունը ապահովելու համար մեզ պետք է ունենալ զարգացած տնտեսություն:

Առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական աճը հիմնված կլինի տնտեսության ներքին ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործման և արտաքին աշխարհում մրցունակության բարձրացման վրա: Արդյունքում պետք է ապահովենք ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալների աստիճանական ավելացում՝ արտահանում/ՀՆԱ հարաբերությունը հասցնելով 40-45 տոկոս: Կառավարությունն աշխատում է այս ուղղությամբ:

Թիրախները

Կառավարության ծրագրի առանցքային թիրախներն են.

• Զարգացած երկրների նկատմամբ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` միջին հաշվով ՀՆԱ շուրջ 5 տոկոսի չափով.

• արտահանման աճի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը՝ ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի.

• աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով.

• երկրի մրցունակության չնվազման պայմաններում անվանական նվազագույն աշխատավարձի 25% աճի ապահովում.

• Հարկային և մաքսային վարչարարության շնորհիվ առաջիկա 5 տարիներին ընթացքում հարկային եկամուտների և ՀՆԱ-ի հարա¬բերակ¬ցության 2.5 տոկոսային կետով աճի ապահովում:

Հարկային եկամուտները

Տնտեսական ակտիվության ավելացման և հարկային կարգապահության ավելացման շնորհիվ հարկային եկամուտներն այս տարի աճել են մոտ 8.4 տոկոսով, ինչը մեզ հնարավորություն տվեց ստեղծել հավելյալ միջոցներ: Այդ հավելյալ միջոցների հաշվին ապրիլին մի շարք կարևորագույն ծրագրերի ուղղությամբ բյուջետային ծախսերն ավելացրեցինք 57 միլիարդ դրամով:

Սա աննախադեպ երևույթ է, երբ բյուջետային ծախսերն ավելացվում են տարվա չորրորդ ամսին, ու չնայած նրան, որ դեռևս քարոզարշավի ընթացքում մենք հասկանում էինք, որ ի վիճակի ենք լինելու դա անել, մենք դա արեցինք ընտրություններից հետո միայն, որպեսզի որևէ մեկը մեզ չկասկածի պոպուլիզմի մեջ:

Խելացիի գաղափարը

Երկրի մրցակցային դիրքերը ապահովելու, արտաքին շուկաներում հաջողելու համար մենք պետք է զարգանանք առաջանցիկ տեմպերով, զարկ տանք տեխնոլոգիական և ինովացիոն լուծումներին և որդեգրենք խելացիի գաղափարը:

Կառավարությունը վերանայում է երկրում գործող կրթական համակարգը բոլոր մակարդակներում՝ մեր քաղաքացու համար հնարավորություն ստեղծելով ստանալ այն գիտելիքները, ունակությունները և հմտությունները, որոնք կենսական նշանակություն կունենան հաջորդ տասնամյակներում:

Այս ամենի իրականացման հիմնասյուներից կարևորագույնը ուսուցիչն է: Կառավարությունը մինչև 2017 թվականի ավարտը ներդնելու է ուսուցիչների աշխատանքի խրախուսման նոր մեխանիզմներ:

2018 թվականից կներդնենք նոր սերնդի դասագրքերի ստեղծման չափանիշներ և գործիքակազմ:

Ըստ ոլորտների

Մենք ունենք մեծ հավակնություններ էներգետիկ ոլորտում: Նպատակ ունենք ոչ միայն վերազինելու ամբողջ էներգետիկ ենթակառուցվածքը, այլև դառնալու ակտիվ և առանցքային տարածաշրջանային խաղացող: Այս ոլորտի գլխավոր նպատակներից է էներգետիկ շուկայի ազատականացումը: Արդիականացնում ենք նաև մեր ջրային տնտեսությունը:

Վերանայել ենք մեր գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը: Աշխատելու ենք շեշտը դնելով արդյունավետության բարձրացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծման և ժամանակակից ֆերմերային տնտեսությունների զարգացման վրա: Դիտարկելու ենք մարզի կամ տարածքի ընդհանուր թվային պատկերը, առաջարկություններ ենք անելու տվյալ տարածքում մշակաբույսերի տեսականու, ոռոգման, պարարտանյութերի, տեխնոլոգիաների առաջադեմ և արդյունավետ տեսակների վերաբերյալ, ֆինանսապես աջակցելու ենք այդ առաջարկությունները կիրառողներին:

Ներմուծում ենք կաթիլային ոռոգման, ինտենսիվ այգիների կոնցեպցիաները, մշակել ենք գյուղացուն գյուղտեխնիկայի մատչելիության բարձրացման նոր մեխանիզմներ՝ իրականացնում ենք գյուղացիական լիզինգի սուբսիդավորման գործընթացը:

Սոցիալական ապահովության ոլորտում մեր քայլերն ուղղված են սոցիալական բարեկեցության և սոցիալական պաշտպանվածության հաստատմանը: Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների հիմքում մենք դնում ենք «յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա ընտանիքում» սկզբունքը: Բարեփոխելով խնամատարության ընթացակարգը ապահովելու ենք երեխաների խնամքն ընտանեկան պայմաններում, իր բնական սոցիալական միջավայրում:

Առողջապահության ոլորտում կվերանայվեն պետական պատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները, պետպատվեր իրականցնող խոշոր բժշկական հաստատությունների համար կներդրվի պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ և կոմերցիոն մուտքերի թափանցիկ ֆիքսում:

Կկանոնակարգենք պայքարը կեղծ դեղերի շրջանառության դեմ: Կքրեականացնենք կեղծ բժշկական նշանակության արտադրությունը, կեղծ դեղերի շրջանառությունը:

Կառավարությունը նպատակադրում է 2017-2022թթ. իրականացվելիք քայլերի և միջոցառումների արդյունքում տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի: Ձմեռային հանգիստը աշխուժացնելու համար տարբեր ծրագրեր ենք իրակացնելու Ծաղկաձորում, Ջերմուկում: Սևանա լճի ափամերձ հատվածը վերափոխելով՝ ապահովելու ենք հանգստի նոր որակ: Աշխատելու ենք այլ քաղաքներից դեպի Հայաստան ուղիղ չվերթների քանակը և աշխարհագրությունն ավելացնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---