ՄԱԿ-ը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնած մտահոգությունը զինադադարի վերջին խախտումների վերաբերյալ, որոնց հետևանքով շփման գծում ողբերգական կորուստներ եղան: Այս մասին հայտարարել է Գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալը՝ հատուկ հայտարարություն տարածելով Լեռնային Ղարաբաղում դրության սրման վերաբերյալ.
«Մենք ի գիտություն ենք ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը նրանք արել են հունիսի 19-ին տարածաշրջանային վերջին այցից հետո: Կրկնում ենք համանախագահների կողմերին հասցեագրված կոչը՝ զերծ մնալ իրավիճակը լարելուց և միջոցներ ձեռնարկել՝ ուղղված լարվածության նվազմանը։ Մենք նաև միանում ենք համանախագահներին՝ կոչ անելով կողմերին վերսկսել առարկայական բանակցություններ՝ դրսևորելով քաղաքական կամք։ ՄԱԿ-ն իր հերթին պատրաստ է այդ նպատակով անհրաժեշտ յուրաքանչյուր քայլ ցուցաբերել»,- ասված է հայտարարության տեքստում:
Ավելի վաղ Պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոերթը ևս հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որի հետևանքով զոհեր են գրանցվել:
Կարդացեք նաև՝ ՊԲ-ն դիվերսիա է կանխել՝ ռազմավար վերցնելով (Ֆոտո)