30 մայիսի 2018 - 16:31 AMT
Փաշինյան. Facebook-ը մեծ դեր ունեցավ հայաստանյան հեղափոխության համար

Facebook սոցցանցը մեծ դեր ունեցավ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեջ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժաննա Նեմցովային տված հարցազրույցում «Նեմցովա. Հարցազրույց» հաղորդման շրջանակում, հայտնում է Deutsche Welle-ն:

«Իմ քաղաքական գործունեության և բողոքների ժամանակ հեռուստատեսությունը փաստացի փակ է եղել ընդդիմության համար: Չափազանց կարևոր է ժողովրդի հետ շփման այլընտրանքային ուղի ունենալ: Հիմա իմ ֆեյսբուքյան էջը մեծ լսարան ունի, որը համեմատելի է հեռուստատեսության լսարանի հետ: Դա հանրության, քաղաքացիների հետ երկխոսության շատ արդյունավետ միջոց է: Անշուշտ, Facebook-ը մեծ դեր ունեցավ հայաստանյան հեղափոխության ընթացքում և շատ արդյունավետ ուղի էր տեղեկատվական հոսքերի համար, մարդկանց հանրահավաքի կանչելու համար»,-ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև ապրիլ-մայիսի հայաստանյան իրադարձությունները բնութագրել է որպես իշխանության վերադարձ ժողովրդին:

Ըստ նրա, Հայաստանի հեղափոխությունը տարբերվում է Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից: «Վրաստանի և Ուկրաինայի պարագայում մենք փոփոխություններ տեսանք այդ երկրների արտաքին քաղաքականության մեջ: Իսկ մենք ասել ենք, որ շարունակելու ենք Հայաստանի արտաքին քաղաքականությունը, զարգացնելու ենք հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես նաև հարաբերությունները ԵՄ, ԱՄՆ, Իրանի և Վրաստանի հետ: Արտաքին քաղաքականության ուղղվածությունը մնում է նույնը, ինչպես հեղափոխությունից առաջ էր»: