20 օգոստոսի 2018 - 14:11 AMT
Դատախազությունը կբողոքարկի Քոչարյանի գործով վերաքննիչ որոշումը

Օգոստոսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: PanARMENIAN.Net ին այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նա այլ մանրամասներ չհայտնեց:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատունը խուզարկվել է:

Ավելի վաղ, ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ է արձակել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ «անձեռնմխելիության հիմքով»: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը դատարանի այս որոշումն ապօրինի էր որակել:

Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի փետրվարի նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձությունների ընթացքում զինված ուժերի ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ: