3 դեկտեմբերի 2018 - 11:08 AMT
Իսրայելում կալանավորվել է ՀՀ-ում կեղծ դիպլոմ ստացած 40 բուժաշխատող

Իսրայելի իրավապահ մարմինները կալանավորել են 40 բուժաշխատողի, որոնք Հայաստանի բուհերում կեղծ դիպլոմ են ստացել, իսրայելական newsru.co.il-ի փոխանցմամբ հայտնում է երկրի ոստիկանություն լրատվական ծառայությունը:

Երկրի ուժայիններն իրականացրել են «Սպանության լիցենզիա» գործողությունը, որի շրջանակում էլ բերման են ենթարկվել բուժաշխատողները: Հաղորդագրության մեջ նշված է, որ այս անձինք լիարժեք կրթություն չեն ստացել՝ իրենց պարտականությունները կատարելու համար:

2017 թվականին Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը:

Այս առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

Ավելի ուշ նախարարությունից PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան, հայտնել էին, որ Իսրայելի առողջապահության նախարարության՝ Հայաստանում բժշկական կրթության ցածր որակի, ինչպես նաև արտասահմանցի ուսանողներին գումարի դիմաց դիպլոմ տալու նախադեպերի մասին հայտարարության կապակցությամբ ՀՀ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել: