26 մարտի 2019 - 13:38 AMT
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող 15 թիրախի, այդ թվում ՀԱՄԱՍ-ի ռազմական համալիրներին Բեյթ Հանունում և «Պաղեստինի իսլամական ջիհադ» կազմակերպության օբյեկտներին Բեյթ Լահիում: Այդ մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Twitter-ի միկրոբլոգում:

Նշվում է, որ հարվածները հասցվել են որպես պատասխան Գազայի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծմանը, որի համար պատասխանտու է ՀԱՄԱՍ-ը, գրում է Deutsche Welle-ն:

Մարտի 25-ին ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Եգիպտոսի միջնորդությամբ հրադադար է հաստատվել Իսրայելի հետ: Իսրայելի պաշտոնյաներն այդ տեղեկությունը չեն հաստատել: Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, մարտի 22-25-ը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 30 հրթիռ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին այդ քայլի համար: