11 նոյեմբերի 2019 - 14:54 AMT
Լավրով. Պատրաստ ենք նպաստել ՀՀ և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում:

«Մենք ամեն կերպ նպաստում ենք, որպեսզի ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերություններն առաջ գնան: Մենք պատրաստ ենք օգտագործել մեր հնարավորությունները, որպեսզի նպաստենք ՀՀ և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը, բայց դրա համար անհրաժեշտ է երկու երկրների կողմից հետաքրքրվածություն», - ասել է Լավրովը, հայտնում է Aysor.am-ը:

Նա ավելացրել է, որ Ռուսաստանը չի տեսնում հիմք ենթադրելու, որ այս երկրներից որևէ մեկը կարող է պատերազմ սկսել. «Ցանկացած դեպքում, մեր քաղաքականությունն ուղղված է այստեղ խաղաղություն հաստատելուն, փախշահավետ համագործակցություն ապահովելուն», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նաև հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածության հասնել չի ստացվի: «Բոլորին հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության որևէ համաձայնագիր կնքելն անհնար է: Հայաստանն այն պարզապես չի ստորագրի: Ուզում եմ նշել, թե մեր հանդիպման ընթացքում ինչ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրերց իր հանրային ելույթը, որտեղ նշել էր, որ վերջնական համաձայնագիրը պետք է հաշվի առնի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հետաքրքրությունները: Սրա հետ դժվար է վիճել»,- նշել է Լավրովը: