13 դեկտեմբերի 2019 - 16:15 AMT
ԱԳՆ խոսնակ. Առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ինքնորոշման անվտանգությունը, ընդունելի չեն ՀՀ-ի համար

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մամուլի ասուլիսում անդրադառնալով արցախյան հակամարտության վերաբերյալ ՀՀ դիրքորոշմանը, ասել է, որ այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման անվտանգությունը, չեն կարող ընդունելի լինել ՀՀ-ի համար:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ արցախյան հակամարտության առումով ՀՀ դիրքորոշումը հստակ ներկայացված է և նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ հայկական կողմի նպատակը Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրականացումն է, հայտնում է Shantnews.am-ը:

«Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման»,- ասել է Աննա Նաղդալյանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է նաև, որ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական կողմի համար վստահության ամրապնդման և ռիսկերի նվազեցման քայլերը առաջնային են:

Նա հավելել է, որ դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը այդ առումով կարևոր քայլ էր, և ունենք ռիսկերի ավելի նվազ մակարդակ: Աննա Նաղդալյանն ասել է, որ այսօր կան գործի դրված որոշ մեխանիզմներ, որոնք աշխատում են:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե բանակցությունների ընթացքում հայկական կողմը տարբեր փաստաթղթեր է առաջ քաշել, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր:

Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը խնդրել է համանախագահներին զեկույց պատրաստել անվտանգության հարցի վերաբերյալ: «Մենք առարկայորեն քննարկել ենք այդ հարցը: Հայաստանի համար, ըստ իրենց ԱԳ նախարարի, կարևոր են կարգավիճակն ու անվտանգությունը: Ինչ է կարգավիճակը հասկանալի է, իսկ ի՞նչ է անվտանգությունը: Համանախագահներն էլ են ուզում այդ պահը հասկանալ: Պետք է անվտանգության բանաձև լինի, երբ ադրբեջանական բնակչությունը վերադառնա ազատագրված տարածքներ: Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են և նրանց անվտանգությունը կապահովվի ամբողջ ծավալով: Բայց դա մեր ընկալումն է, իսկ ինչպիսի՞ն է հայերինը»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: