24 դեկտեմբերի 2019 - 13:35 AMT
Դեսպան. Ռուսական ռազմաբազայի ենթակառուցվածքները կզարգացվեն

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, որ ծրագրվում է առաջիկա տարիներին զարգացնել ռուսական 102-րդ ռազմաբազայի ենթակառուցվածքները,:

«Այս տարի քայլեր են ձեռնարկվել, որպեսզի ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական պատրաստվածության մակարդակը բարձրացվի: Այստեղ լուրջ արդյունքների ենք հասել: Կան ծրագրեր՝ երկու անգամ ավելացնել ռազմաբազայի մարտական պոտենցիալը: Ծրագրվում է նաև առաջիկա տարիներին զարգացնել ռազմաբազայի ենթակառուցվածքները, այդ թվում՝ նաև սոցիալական», - նշել է դեսպանը, հայտնում է Aysor.am-ը:

Կոպիրկինի խոսքով՝ ռազմաբազայի ենթակառուցվածքների զարգացման արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, որոնցում ներգրավված կլինեն նաև հայ կապալառուներ:

«Ուզում եմ ընդգծել, որ համապատասխան աշխատանքներ կիրականացնեն նաև հայ կապալառուները, ինչը նոր աշախատատեղ, նոր ֆինանսական միջոցների առկայություն է ենթադրում», - նշել է Կոպիրկինը՝ ընդգծելով, որ այսպիսով՝ ռուսական ռազմաբազան ոչ միայն կնպաստի երկկողմանի ռազմատեխնիկական համագործակցությանն, այլ իրական ազդեցություն կունենա սոցիալական ոլորտի վրա:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է նաև, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ կարևորագույն և հուսալի գործընկերը:

Կոպիրկինը նաև ընդգծել է, որ ՌԴ-ն բարձր է գնահատում ՀՀ նախագահության տարին ԵՏՄ-ում: «Մենք բարձր ենք գնահատում նաև այն փոխհարաբերությունները, որոնք մեր երկրները իրականացնում են միջազգային կառույցներում», - ասել է դեսպանը՝ նկատելով, որ նման կառույցներում ՌԴ-ի համար կարևոր հարցերի քվեարկությունների արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ կարևորագույն գործընկերը, որի վրա միշտ կարելի է հույս դնել դժվար պահերին: