13 մարտի 2020 - 11:59 AMT
Իտալիայում մահացած կնոջ մարմինը 2 օր մնացել է տանը. Կարանտինում գտնվող ընտանիքը չի կարողացել հուղարկավորել նրան

Իտալացի մի տղամարդ հայտնել է, որ ինքն ու ընտանիքը 2 օր չեն կարողացել հուղարկավորել կորոնավիրուսից մահացած քրոջը. նրանք տնային կարանտինում են գտնվել՝ մահացած կնոջ մարմնի հետ միասին, փոխանցում է The Washington Post-ը:

Ըստ աղբյուրի՝ Լուկա Ֆրանզենսե անունով տղամարդը ֆեյսբուքյան իր էջում պատմել է դեպքի մասին ու օգնություն խնդրել, տեսանյութում երևացել է նաև 47-ամյա կնոջ մարմինը: Նա նշել է, որ մեկ օր է՝ չեն կարողանում գտնել թաղման բյուրո՝ կնոջ մարմինը տեղափոխելու համար:

Տղամարդն ասել է, որ չգիտի՝ ինչ անել դիակի հետ և չի կարողանում պատշաճ կազմակերպել քրոջ հուղարկավորությունը, իսկ «կառույցներն իրեն լքել են»: Նա նշել է, որ կապվել է բոլորի հետ, սակայն ոչ ոք իրեն պատասխան տալ չի կարողացել:

Ավելի ուշ նա կրկին համացանցի միջոցով դիմել է մարդկանց՝ ասելով, որ քրոջ մահից հետո ընտանիքը 36 ժամ կարանտինում է, իրենք կրկին չեն կարողանում գտնել թաղման բյուրո:

Արդյունքում մարտի 7-ին մահացած կնոջ մարմինը թաղման բյուրո է տեղափոխվել միայն մարտի 9-ին: Բյուրոյի աշխատակիցը նշել է, որ դեպքը «սյուռեալ» է, իրենք պարտականություններն իրականացրել են հատուկ պաշտպանիչ ձեռնոցներով, դիմակներով և այլ միջոցներով:

Սա Իտալիայում առաջին դեպքն է, երբ կորոնավիրուսով վարակված մարդը մահացել է տանը:

Մարտի 13-ի դրությամբ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 15,113-ը, երկրում մահացել է 1000-ից ավելի մարդ:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից