Նեպալի կառավարությունը մինչև ապրիլի վերջ կասեցրել է զբոսաշրջային մուտքի արտոնագրերի տրամադրումը և չեղարկել լեռնագնացների բոլոր արշավները, այդ թվում՝ դեպի Էվերեստ: Դա պայմանավորված է նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկմամբ: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում մարտի 14-ից, գրում է ՏԱՍՍ-ը՝ The Kathmandu Post-ին հղումով:
«Վիզաների գործողության կասեցումը, բացառությամբ դիվանագիտականների և պաշտոնականների, ուժի մեջ կմտնի մարտի 14-ից և կշարունակվի մինչև ապրիլի 30-ը»,- ասել է աղբյուրը:
Ըստ դրա՝ նման որոշում է կայացրել փոխվարչապետ և ՊՆ ղեկավար Իշվար Փոքհրելի ղեկավարած համակարգող կոմիտեն:
«Արտակարգ անհրաժեշտության դեպքում Նեպալ մուտք գործող օտարերկրացիները պետք է տեղեկանք ներկայացնեն կորոնավիրուսի բացակայության վերաբերյալ և դիմում գրեն»,- ասել է պաշտոնյան:
Նա հավելել է նաև, որ լեռնագնացների արշավների դադարեցումը կզրկի Նեպալին բազմամիլիոնանոց եկամտից:
Նեպալում կորոնավիրուսով դեռևս 1 հիվանդ է գրանցվել:
Կարդացեք նաև. Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից