20 մարտի 2020 - 21:24 AMT
Օհանյան. ԶՈւ-ում կորոնավիրուսի դեպքեր չկան, իրավիճակը վերահսկվում է

ՀՀ Զինված ուժերում մարտի 20-ի դրությամբ կորոնավիրուսի դեպք չի գրանցվել, վիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկվում է, հայտարարել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

Նա նշել է, որ ԶՈւ բոլոր կայազորերում ռազմաբժշկական հաստատություններ կան, ժամկետային ծառայողների հետ կապված իրավիճակը վերահսկվում է: Բացի այդ, ԶՈւ-ում պայմանագրայիններին հորդորել են սահմանափակել շփումները և հետևել անվտանգության կանոններին: ԶՈւ բժիշկների հետ պայմանագրայինները մշտական կապի մեջ են, յուրաքանչյուր անգամ զորամաս մտնելիս նրանք ջերմաչափվում են:

Անդրադառնալով զինծառայողների շրջանում սուր շնչառական վարակների տարածման վիճակագրությանը՝ Օհանյանը նշել է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2020-ին՝ վերջին 10 տարվա համեմատ, նման հիվանդություններով վարակման ամենաքիչ դեպքերն են գրանցվել ԶՈւ-ում:

Օհանյանը հիշեցրել է նաև, որ դեռ փետրվարի 25-ից զինված ուժերն անցել է համաճարակային խիստ միջոցառումների, խստացվել է զինծառայողների արձակուրդ գնալու կարգը:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Հանրագումարով հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ: Արցախում կորոնավիրուսի դեպքեր չկան:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից