21 մարտի 2020 - 21:23 AMT
Թորոսյան. ՀՀ-ում կորոնավիրուսից 2-րդ պացիենտն է առողջացել

Հայաստանում առողջացել է կորոնավիրուսով վարակված երկրորդ պացիենտը, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, նրա մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև՝ նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և, չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում` նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել»,- հայտնել է նա:

Նախարարը մյուս քաղաքացիներին կոչ է արել պահպանել անձնական պաշտպանության բոլոր միջոցները և արտակարգ դրության կանոնները:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից