IT ընկերությունների ստեղծած օնլայն ձևաթուղթը կարող է փոխարինել արտակարգ դրության պայմաններում տնից դուրս գալիս պարտադիր լրացվող թղթին, PanARMENIAN.Net-ի հարցին ի պատասխան ասաց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:
Նրա խոսքով՝ բոլոր ոստիկանները տեղեկացված են օնլայն ձևաթղթի մասին:
Այն հնարավորություն է տալիս տեղաշարժման թերթիկի համար պարտադիր բոլոր տվյալները լրացնել սմարթֆոնի միջոցով: Անձնական տվյալները համակարգում չեն պահպանվում:
Իր հերթին, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային մեկ այլ տարբերակի մասին, որը հասանելի է AC19.am կայքում:
«Ձեր տվյալներն այնտեղ լրացնելուց հետո կգեներացվի հատուկ էլեկտրոնային փաստաթուղթ (այն հնարավոր չի լինի խմբագրել), որից էլ ստուգման նպատակով մոտեցած ոստիկանը կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը»,- գրել է Ավինյանը:
Նա նշել է նաև, որ բացի կայքի ստեղծած հնարավորությունից՝ կարելի է նաև օգտվել հայկական ՏՏ ընկերությունների կողմից ստեղծված էլեկտրոնային հավելվածներից, եթե դրանք համապատասխանում են անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշմանը:
Հայկական X-Tech ընկերությունը, իր հերթին, ստեղծել է օնլայն ձևաթղթի հավելված՝ APP16: Այն ևս կարող է փոխարինել արտակարգ դրության պայմաններում տնից դուրս գալիս պարտադիր լրացվող թղթին:
Ընկերությունից հայտնել են, որ հավելվածը ստեղծվել է մեկ գիշերում, APP16 կոչվել, քանի որ պարտադիր տեղաշարժման թերթիկ ունենալու մասին պարետի որոշումը 16-րդն էր:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 28-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 372-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 43-ով: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից