31 մարտի 2020 - 17:25 AMT
ՀՀ պարետ. Կորոնավիրուսն ախտորոշող թեստերի տեղական արտադրությունը քննարկվում է

Կառավարությունը երկրի գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում է կորոնավիրուսն ախտորոշող թեստերի տեղական արտադրության հարցը, հայտնել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:

Նա նշել է, որ գործադիրն ինստիտուտին կաջակցի նաև հումքի ապահովման հարցում:

«Ինչպես նաև սա մեխանիկական, այսինքն՝ մարդկային աշխատույժ ունեցող գործառույթ է լինելու: Հենց այս փուլում փորձում ենք հասկանալ՝ որքանով է հնարավոր հատուկ սարքավորումներ ձեռք բերել, որոնք թեստերն ավտոմատացված ռեժիմով կստեղծեն: Այս փուլում մոտավորապես պլանավորվում է 100,000 թեստի արտադրություն, եթե կարողանանք բոլոր պայմաններն ապահովել»,-ասել է նա:

Պարետը հիշեցրել է նաև, որ ապրիլի 6-ին Կառավարությունն ինքնաթիռ է ուղարկելու տարատեսակ սարքավորումներ և 60,000 թեստ ՀՀ հասցնելու համար:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, վերականգնվել է 30 հոգի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից