ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 180 հոգի թոքաբորբ ունի, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ ծայրահեղ ծանր վիճակում 8 հոգի է գտնվում, ծանր՝ 40։
Թոորսյանի խոսքով՝ ՀՀ-ն ապրիլի 9-ին թոքերի արհեստական օդափոխության 120 սարք է ստացել, նախատեսվում է ևս 50 սարք ձեռք բերել մոտակա մեկ ամսում և ևս 80 սարք կա երկրում։ Այսպիսով, ըստ նախարարի՝ թոքերի արհեստական օդափոխության ընդհանուր 250 սարք կա։
Նախարարը հայտնել է, որ ՀՀ-ն օգտագործում է «Քլորոքին» կոչվող դեղամիջոցը պացիենտների բուժման համար, սակայն միայն պացիենտի համաձայնությամբ։
Անդրադառնալով կորոնավիրուսից մահացած պացիենտների հերձման հարցին՝ նախարարը նշել է, որ այդ նպատակով օրենսդրական փոփոխություն է եղել, որպեսզի մինչև հատուկ ինֆեկցիոն դիահերձարան ունենալը, ներկայիս դիահերձարանի անձնակազմը չվտանգվի։
«Մենք հենց հիմա դրանով զբաղվում ենք և առնվազն 1 նման դիահերձարան կունենանք, և միայն այդտեղ կհերձենք նման պացիենտներին»,- ասել է նա:
Թորոսյանը նշել է նաև, որ նույնիսկ այն պացինետների դեպքում, որոնք հիվանդանոցում են գտնվել, ունեցել են կորոնավիրուս, դժվար է ասել՝ մահվան պատճառը վիրուսն էր, թե այլ հիվանդությունը։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 937-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 16-ով: Ապաքինվել է 149 պացիենտ։ Մահվան ելքով 11 դեպք կա:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից