17 ապրիլի 2020 - 11:54 AMT
ԱՄՆ-ն լրացուցիչ $600,000 կուղղի ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարին

ԱՄՆ կառավարությունը իր Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանին $600,000 լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու Covid-19 համավարակի դեմ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ ՄԶԳ ֆեյսբուքյան էջում։

Այս միջոցները վերջերս հայտարարված $ 1️.1️ մլն ֆինանսավորման հետ կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․

• Պատրաստել լաբորատոր համակարգեր

• Ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը

• Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու արձագանքման և պատրաստվածության մակարդակը

• Խթանել ռիսկերի հաղորդակցումը

• ինչպես նաև զարգացնել այլ անհրաժեշտ ուղղություններ։

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, երկարացվել է մինչև մայիսի 14-ը: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում ապրիլի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1201-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 42-ով: Մահվան ևս 1 դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը հասել է 19-ի։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից