21 ապրիլի 2020 - 16:58 AMT
ՀՀ ԱԳՆ․ Ինքնորոշման իրավունքի արտահայտումը ստատուսի հստակեցում է, ազատ կամարտահայտում՝ առանց սահմանափակումների

Երկու տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բանակցել է թափանցիկ՝ պարզ արտահայտելով իր մոտեցումները ԼՂ կարգավորման վերաբերյալ, ասել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե 2019-ից քննարկվող փուլային կարգավորման ինչ առաջարկությունների մասին է խոսել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Ավելի կոնկրետ խոսեմ. այդ մեկնաբանության մեջ կային հղումներ բազմաթիվ փաստաթղթերի: Խոսք կար նաև այն մասին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը: Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014-ին, 2016 թվականին, ու ընդունելի չեն եղել հայկական կողմի համար: 2018-ից ի վեր քննարկել ենք մոտեցումներն առանձին տարրերի շուրջ: 2014-ի առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ: Մենք առավել, քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումներից, որտեղ հայկական կողմերի համար ընդգծված առաջնային գերակայությունն է անվտանգության բաղադրիչը։

Այն, ինչ վերաբերվել է տարածքներին, ամենից բացի, անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր: Որևէ հայկական կողմ չի կարող դիտարկել, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչությունը»,- հայտարարել է ԱԳՆ ղեկավարը։

Նրա խոսքով՝ երկրորդ կարևոր տարրն այն է, որ հիմնականների թվում գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար գերակա է։

«Դա մենք կոչել ենք՝ անվտանգություն և ստատուս։ Ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունք՝ առանց սահմանափակումների: Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել և չեն լինելու, հայկական կողմը չի ստանձնի որևէ մոտեցում, որը կվտանգի ԼՂ բնակչության անվտանգությունը: Հայկական կողմի համար առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումը խաղաղ գործընացում: Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտություն՝ անվտանգության և ստատուսի»,- ասել է Մնացականյանը՝ նշելով, որ հայկական կողմն այս մասին հստակ խոսել է բանակցությունների ընթացքում։

Մնացականյանի խոսքով՝ ՀՀ-ն ամբողջովին ներգրավված է բանակցությունների մեջ, սակայն երկրի իշխանությունը չունի Արցախի ժողովրդից ստացած մանդատ: Արցախում ազատ ընտրություններ են կայացել և ԱՀ իշխանությունը ստացել է իր մանդատը։ Չնայած դրան՝ ՀՀ-ն միշտ աշխատել է Արցախի հետ, արցախյան կողմի հետ քննարկվել են բոլոր հարցերը։ Նախարարը վերահստատել է, որ հակամարտության լուծումը հնարավոր է միայն խաղաղ կարգավորման միջոցով։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է դրված։ Նա հավելել է, որ 2019-ի ապրիլին Մոսկվայում՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ հանդիպմանը նոր նախագծեր էին ներկայացվել, որոնք այժմ ակտիվ քննարկվում են։ Լավրովի խոսքով՝ այդ փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցում՝ ըստ որի՝ առաջին փուլում առավել ակտուալ խնդիրների լուծում, ԼՂ մերձակա մի քանի շրջանի ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ կոմունիկացիաների ապաշրջափակում։