21 հոկտեմբերի 2020 - 12:12 AMT
Վլադիմիր Սպիվակովը համերգի հոնորարը փոխանցելու է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին

Հայտնի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովն առաջիկա համերգի իր հոնորարը փոխանցելու է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին։ Այդ մասին ֆեյսբույան իր էջում տեղեկացրել է նրա կինը՝ հեռուստահաղորդավար Սաթի Սպիվակովան։

Հանգանակությունն իրականացնում է Հայերի ասամբլեան։

«Բարեգործական մարաթոնի բոլոր միջոցները կուղղվեն Արցախի երեխաների հումանիտար օգնությանը՝ ապահովելով նրանց կարիքները, այդ թվում` սննդի, կացարանի, բժշկական և նյութատեխնիկական աջակցության»,- գրել է նա։

Սպիվակովան նաև հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սպիվակովի երևանյան համերգից մի հատված։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը «Լա Սկալայում» կայացած իր համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին՝ միանալով Հայկական ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

Հումանիտար աջակցության նպատակով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):