29 մարտի 2021 - 20:01 AMT
Փորձագետ․ AstraZeneca-ի մեկ դեղաչափը ՀՀ-ի համար $4․5 է

Կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի մեկ դեղաչափը Հայաստանի համար 4․5 դոլար է։ Այդ մասին ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Անդրադառնալով մեղադրանքների, թե գնվում է էժան պատվաստանյութը՝ Սահակյանն ասել է, որ դա այդպես չէ, գրում է Sputnik Արմենիան։

«Միջազգային շուկայում AstraZeneca-ի գինը հասնում է 25 դոլարի, սակայն ՀՀ-ն ձեռք է բերել պատվաստանյութը COVAX հարթակի միջոցով, որն արտադրողի հետ խոշոր գործարք է կնքում (օրինակ, 170 մլն դեղաչափ), ինչը թույլ է տալիս գնել այն մատչելի գնով։ Մեկ դեղաչափի համար 4․5 դոլարը ներառում է նաև առաքման և այլ ծախսերը»,-ասել է Սահակյանը։

Մասնագետը կարևորել է պատվաստումը, առաջին հերթին ռիսկի խմբերի համար և բուժաշխատողների։ Ըստ նրա, ավելի ուշ, երբ հնարավոր կլինի մեծացնել ծավալները, կպատվաստվեն նաև ուսուցիչները, ոստիկանության,ԱԻՆ աշխատաիցները՝ այսինքն, նրանք, ով շատ մարդկանց հետ է շփվում։

AstraZeneca-ի պատվաստանյութի մասով մասնագետը նշել է նաև, որ հետպատվաստումային լուրջ անբարեհաջող դեպք չի գրանցվել:

Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի (Covid-19) դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ AstraZeneca ընկերության պատվաստանյութի 24,000 դեղաչափ: Պատվաստանյութը նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար: