7 մայիսի 2021 - 16:20 AMT
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Կոչը հրապարակվել է Ֆրանսիայի ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում։

«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին, որոնք դեռևս անազատության մեջ են պահվում: Ադրբեջանի կողմից 3 հայ գերիների վերադարձն այդ առումով դրական ժեստ էր»,- ասված է գրառման մեջ։

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը ևս ողջունել էր Ադրբեջանի կողմից ձերբակալված հայերի ազատ արձակումը և հորդորել ազատել բոլոր պահվող անձանց։

Մայիսի 4-ին Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 3 հայ գերի։ ՀՀ ԱԳՆ տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում, ըստ իրավապաշտպանների` թիվը մոտ է 300-ի։ Մոտ 70-ը պատերազմից հետո վերադարձել է ՀՀ։ Առնվազն 19 գերի, որից 4-ը՝ կին, սպանվել է գերության մեջ։