20 հունիսի 2021 - 11:20 AMT
Քոչարյանը քվեարկել է հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին քվեարկել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: Նա ընտրության էր եկել կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Քոչարյանը նշել է, որ քվեարկել է հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի։

Հարցին՝ ինչպես է գնահատում իր շանսերը, պատասխանել է․ «Դեռ կասկածո՞ւմ եք»։

Խոսելով ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասին, Քոչարյանը նշել է, որ ակնհայտ է, որ նա դաշինքի կողքին է։

«Թե հետագայում ինչ կարգի համագործակցություն կլինի, մենք չենք խոսել»,- նշել է նա։

Կարապետյանն ավելի վաղ իր աջակցությունն էր հայտնել «Հայաստան» դաշինքին։

Անդրադառնալով Երևանի փողոցներում առավոտյան տարածվող բազմաթիվ տպագիր թռուցիկներին, որոնց վրա իր հանդեպ ատելության քարոզ է, Քոչարյանը նշել է, որ կասկածում է, թե դա արվում է իշխանության կողմից։

«Կոպիտ օրենքի խախտում է, քաղաքում տեղարված են հազարավոր տեսախցիկներ, արդեն կան նաև ցանցում կադրեր, և այն փաստը, որ մինչև հիմա դեռ չի հայտնաբերվել հեղինակը, արդեն մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդմամբ, ու եթե մոտակա 1-2 ժամում ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, ապա մենք կհայտարարենք ու կհամարենք, որ դա արվում է իշխանության կողմից»,- ասել է նա։

Խոսելով «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալման մասին մասին, Քոչարյանը նշել է, թե այն աբսուրդի ժանրից է ու չի կարծում, որ դրա համար որևէ հիմքեր կան։

Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։