24 հունվարի 2022 - 19:01 AMT
2021-ին մոտ $14 մլն է ուղղվել վիրավոր զինվորների վերականգնմանը

2021 թվականին ՀՀ պետբյուջեից 6 մլրդ 700 մլն դրամ (մոտ $14 մլն) է հատկացվել վիրավոր զինծառայողների վերականգնողական օգնությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը պարզաբանել է, որ ի սկզբանե այս ծրագրի համար նախատեսված է եղել 3 մլրդ 296 մլն դրամ, սակայն այս գումարն անընդհատ վերանայվել է, հետագայում միջոցներն ավելացվել են, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Մենք ընդունել ենք ֆինանսավորման այս մեխանիզմը, որպեսզի լիարժեք կազմակերպենք վիրավոր զինծառայողների բուժումը»,–ասել է նա։

Արդյունքում պետբյուջեից 6 մլրդ 700 մլն դրամ է հատկացվել այս խնդիրների լուծման համար։ Ծրագրի շրջանակում զինվորները կշարունակեն բուժում ստանալ։

Նա նաև պարզաբանել է, որ այս ծրագիրը ֆինանսավորման մեխանիզմով տարբերվում է մյուսներից։ Մասնավորապես, դրա ֆինանսավորումն օֆերտայի սկզբունքով է կազմակերպվում, այսինքն ծառայությունները մատուցելու կատարողականի հիմքով, և ֆինանսավորումը սահմանափակված չէ տարեկան բյուջետային շրջանակներով:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների նույնականացման մասին, տեղեկացրել է, որ դեռ կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ ԴՆԹ հետազոտություն իրականացնել հնարավոր չէ։