Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի գրասենյակը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերի համար, որն ասել էր, թե Ադոլֆ Հիտլերը ևս «հրեական արմատներ» ուներ։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր Պուտին-Բենեթ հեռախոսազրույցի մասին, բայց ներողության մասին չի հիշատակել։
«Բենեթն ընդունել է Պուտինի ներողությունը Լավրովի խոսքերի համար և շնորհակալություն հայտնել հրեա ժողովրդի և Հոլոքոսթի մասին հիշատակի հանդեպ ՌԴ նախագահի վերաբերմունքի վերաբերյալ պարզաբանման համար»,-ասվում էր Իսրայելի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, գրում է BBC-ն։
Ըստ Կրեմլի հաղորդագրության, հեռախոսազրույցի ընթացքում «ղեկավարներն ընդգծել են Մայիսի 9-ի հատուկ նշանակությունը ՌԴ և Իսրայելի ժողովուրդների համար, Պուտինը խնդրել է «Իսրայելում բնակվող վետերաններին հաղորդել իր բարեմաղթանքները», իսկ Բենեթը նշել է «Կարմիր բանակի վճռական դերը նացիզմի հանդեպ Հաղթանակի գործում»։
Լավրովը Հիտլերի «հրեական արյան» մասին խոսել է իատալական Mediaset-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարության, թե ինչպես կարելի է Ուկրաինային մեղադրել նացիզմի մեջ, եթե Զելենսկին ինքը հրեա է։
«Եթե ճիշտ եմ հիշում, վախենամ սխալվեմ, բայց իմ կարծիքով Հիտլերն էլ հրեական արյուն ուներ: Դա ընդհանրապես ոչինչ չի նշանակում: Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենաթունդ հակասեմիտները, որպես կանոն, հրեաներ են», - ասել է Լավրովը։
Ընթերցեք նաև․ Ռուսաստան-Իսրայել դիվանագիտական սկանդալ․ Ինչո՞ւ Լավրովը խոսեց Հիտլերի՝ հրեական արյուն ունենալու մասին